2016-ի արդյունքները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցած տարի իրականացրել է 97 ծրագրեր` օգտագործելով 360 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95.9%: Այս մասին այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը թվարկեց գերատեսչության իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը: Նա նշեց, որ 2016 թ. ընթացքում աշխատանքի զբաղվածության ծրագրերում ընդգրկված 13470 անձ աշխատանք է ձեռք բերել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17%-ով, բարձրացվել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների պարգևավճարները, 8000-ից ավելի քաղաքացի օգտվել է ԽՍՀՄ խնայբանկում դրված ավանդների վերադարձի ծրագրից` տարեցները, ազատամարտիկները և սահմանամերձ գոտու բնակիչները: Նախարարի խոսքով՝ հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պարգևավճարները ևս բարձրացվել են. «Այս միջոցառումը հնարավորություն ենք ունեցել իրականացնել համակարգում ներքին խնայողությունների արդյունքում», - նշեց նախարարը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2016 թվականին նախատեսել էր իրականացնել 97 ծրագիր, որոնց համար նաև բյուջեի պահուստային ֆոնդից են միջոցներ հատկացվել:
