«Շուկան է որոշում գինը». գյուղնախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով ծիրանի մթերման գնին, գյուղացիների բողոքին, ասաց, որ այսօր շուկայական հարաբերություններ են: «Կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում որևէ օրենքի»,-ասաց նա: Դիտարկմանը, որ դժգոհություններ կան, թե ընկերությունները համաձայնության արդյունքում արհեստականորեն գցում են գինը, գյուղատնտեսության նախարարն արձագանքեց՝ դրա համար գոյություն ունի Հակամրցակցային կոմիտե։ «Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող դիրք ունեցող։ Դա իրենց գործառույթն է։ Իմ կարծիքով՝ շուկայում անցյալ տարի նույնն է եղել՝ գինը բարձրից նվազել է։ Երբ բերքը շատ է, գինը պետք է իջնի։ Ես չեմ կարծում՝ բերքը քիչ լիներ, գինն այդքան կնվազեր՝ մեկ։ Երկրորդը՝ բնակլիմայական միջամտություն ունեցանք, որովհետև սեզոնն ուշ եկավ, և մենք ընկանք էժան ժամանակահատված, երբ մեր հիմնական շուկայում արդեն գինը ցածր է։ Շուկան է որոշում գինը»,- պարզաբնաեց նա:
