Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին՝ միջնորդելով, որ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի եւ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների նկատմամբ հունիսի 28-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում տեղի ունեցած բռնությունների առիթով քրեական գործ հարուցվի և պատշաճ քննություն կիրականացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը: ա) «Հեռախոսազրույց ունեցա ՀՀ Արդարատատության նախարարության քրեակատարողական Վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ։ Ասացի, որ քանի որ կան ահազանգեր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը «Սասնա ծռեր» խմբի այլ անդամներ հնարավոր է ուղեղի ցնցում են ստացել և այլ ծանր վնաասվածքներ՝ կարծում եմ, որ նրանք պետք է բժշկական հետազոտության ենթարկվեն քաղաքացիական հիվանդանոցային պայմաններում։ Պարոն Օսիկյանը հավաստիացրեց, որ ՔԿՎ բժշկական ծառայությունները հսկողության տակ են պահում իրավիճակը և ըստ անհրաժեշտության կձեռնարկեն նաև իմ կողմից առաջարկվող միջոցները։ բ) Գրություն ուղարկեցի ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ս/թ հունիսի 28-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի մարմինների զննության արձանագրությունների պատճենները ստանալու համար։ գ) Գրություն ուղարկեցի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ միջնորդելով, որ Խանդոյանի, Կյուրեղյանի և «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների նկատմամբ հունիսի 28-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում տեղի ունեցած բռնությունների առիթով քրեական գործ հարուցվի եւ պատշաճ քննություն կիրականացվի»,- գրել է խմբակցության ղեկավարը:
