Պատրիարքարանն արդեն ներկայացնում է տեղապահ Բեքչյանը
Պոլսո Հայոց պատրիարքարանում եկեղեցական ընդհանուր ժողովի կողմից հունիսի 28-ին կայացված որոշումն այն մասին, որ դադարեցվում են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ամենակարճ ժամանակահատվածում Ստամբուլի նահանգապետարանի միջոցով կփոխանցվի Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Այս մասին հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է փաստաբան Սեպուհ Ասլանգիլը:«Ներքին գործերի նախարարությունն այսուհետ կգործի համաձայն կայացված որոշման: Այսինքն, երբ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ զարգացում լինի, պետությունն ուղղակիորեն գրագրության մեջ կլինի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ: Պատրիարքարանն արդեն ներկայացնում է տեղապահը: Պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսին կլինի պետության դիրքորոշումը»,- ասել է Ասլանգիլը: Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ:
