Պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ. Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են գործադիր իշխանության առջև՝ նախանշված ծրագրերը հետևողականորեն իրականացնելու համար: «Հարգելի՛ գործընկերներ, Առաջին հերթին, իհարկե, շնորհավորում եմ բոլորիդ ձեր պաշտոններում նշանակվելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնականում վերանշանակվելու առթիվ: Այսպիսով, ապահովվել են գործադիրի աշխատանքի շարունակականությունը, և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի առթիվ իմ խոսքում ընդգծել էի, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում: Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես՝ որպես Հանրապետության Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև դուք` բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում. մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս: Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը: Հարգելի՛ գործընկերներ, Գալիք տարիների մեր անելիքների մասին արդեն բավականաչափ խոսել ենք, ուստի և կրկին մանրամասնելու կարիքը չկա: Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանին և մեր ժողովրդին հղած ուղերձում ես մանրամասն ներկայացրել եմ երկրի զարգացման իմ տեսլականը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրները: Մենք միասին սահմանել ենք մի շարք կարևոր թիրախներ, որոնք արտացոլվել են կառավարության արդեն հաստատված ծրագրում: Պետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով: Հակառակ պարագայում հեռուն չենք գնա: Բացի դրանից, մենք այժմ Սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը: Այժմ անհրաժեշտ եմ համարում հակիրճ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացնենք կառավարության ծրագիրը: Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը: Այս առումով անցած տարիների փորձից կարող ենք կատարել մի շարք եզրակացություններ: Առաջինը, հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը: Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է: Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել: Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը: Երկրորդը, թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ: Երրորդը, մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում: Հարգելի՛ գործընկերներ, Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր: Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները: Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը: Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել: Շնորհակալ եմ և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,-կառավարության նիստի օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և հավաստիացրել, որ այն ծրագիրը, որ ձևավորել է թիմը, գործադիրը իրագործելու է: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am