Արմեն Մկրտչյանի՝ ըմբշամարտի հավաքականից հեռանալու իրական պատճառը. Ծառուկյանը չի կատարել խոստումը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ոչ ընտանեկան պատճառներով: Նա դիմում էր ներկայացրել հունիս ամսվա սկզբին՝ նշելով, որ խնդրում է ազատել իրեն աշխատանքից դստեր հիվանդության պատճառով: Սակայն նրա հեռանալուց ի վեր խոսակցություններ են պտտվում, թե «ընտանեկան խնդիրներ» ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ խոսակցությունների՝ իրական պատճառն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն`ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրան նյութական միջոցներ է խոստացել, սակայն չի կատարել խոստումը: Մկրտչյանն աշխատանքի էր հրավիրվել հենց Ծառուկյանի կողմից: Նա հավաքականը գլխավորել էր 2017 թվականի հունվարին: Նրա գլխավորությամբ թիմը 3 բրոնզե մեդալով վերադարձավ մայիսին Սերբիայում տեղի ունեցած Եվրոպայի 2017 թվականի առաջնությունից, և դրանից գրեթե անմիջապես հետո Մկրտչյանը հեռացավ: Նման խոսակցությունները Ծառուկյանի անվան շուրջ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են: Երբեմն խոսակցություններ են պտտվում, թե նա չի վճարում մարզիկներին խոստացած գումարները: Իհարկե, մարզիկները դրանք չեն հաստատում, քանի որ ֆինանսական կախում ունեն մեկ մարդուց, որը, ըստ էության, միանձնյա ղեկավարում է ազգային սպորտը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
