Վիգեն Սարգսյանի երջանկության մեխանիկան
«Քննարկում ենք Պաշտպանության նախարարությունում կառուցվածքի լրջագույն ձևափոխումը ու խոսքը պարզապես հաստիք կրճատելու մասին չէ:Այս փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են կառուցվածքային ստորաբաժանումները։ Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե՝ պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Բոլոր նրանք, ովքեր կրճավելու են, ստանալու են հնարավորություն զորքերում ծառայությունը շարունակելու», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ ԳՇ-ում և զորքերում ևս նախատեսվում են փոփոխություններ,ասաց նա և անդրադառնալով ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի կրճատման մասին խոսակցություններին՝ նա նշեց, որ գործընթացը անվանական չէ. «Նման մտադրություն այս փուլում չկա ու խնդիրը կոնկրետ անձերին չի վերաբերում»: Արդյո՞ք 2018 թվականին Հայաստանի կառավարությունը ղեկավարելու ցանկություն ունի, ինչպես Կարեն Կարապետյանը լրագրողներից մեկի հարցին,պատասխանեց.«Ես մեծ ցանկություն ունեմ ի վիճակի լինել, որ պաշտպանության նախարարությունում իմ սկսած աշխատանքը հասցնեմ այն փուլին, որն ինձ թույլ կտա ասել, որ մենք այս ոլորտում ռեալ բաներ ենք փոխել: Դա իմ համար կլինի ամենամեծ պատիվը որպես ՀՀ քաղաքացու եւ որպես հայ մարդու՝ համարյա ամենամեծ երջանկությունն է»: «Հանրապետական կուսակցությունն այսօր ամուր է ինչպես երբեք: Բոլոր որոշումներն ի վիճակի ենք կայացնել շատ հետեւողական, կանոնակարգված ձեւով: Երբ այդ որոշումների ժամը գալիս է, այդ որոշումները նաեւ համաչափ ձեւով հանրայնացվում է: Մենք լավ թիմով ենք եկել, այս ընտրությունների արդյունքում ձեւավորելու գործադիր իշխանություն, եւ մեր թիմի յուրաքանչյուր անդամի հաջողություն կարեւոր է մեր երկրի առաջընթացի համար: Ես շատ երջանիկ եմ, որ երկրի կառավարությունը ղեկավարում է փորձառու, շատ արդյունավետ կառավարիչ, իմ շատ վաղեմի ընկերը՝ Կարեն Կարապետյանը, որին ես որեւէ ձեւ չեմ կարող տարանջատել մեր ողջ թիմից»,- ասաց պաշտպանության նախարարը:
