Քաշքշուկ՝ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ չմեկնարկած հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երրորդ դատական նիստը: Նախագահող դատավորը նշեց, որ դատական նիստերի դահլիճում բացակաները շատ են, ուստի ստիպված է հետաձգել դատական նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 12-ին՝ ժամը 11-ին: Մինչ դատական նիստի մեկնարկը քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի ու Մխիթար Ավետիսյանի միջև: Ոստիկաններն ամբաստանյալներին հեռացրին դատական նիստերի դահլիճից: Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրությամբ կապվել պաշտպանի հետ, ինչից հետո սկսվել է միջադեպը։ Պաշտպանների մի մասը ներկա չի գտնվել նիստերի դահլիճում, քանզի հրաժարվել են դատական կարգադրիչների կողմից զննության ենթարկվել՝ որակելով այն որպես խուզարկություն:
