«Բռնցքամարտի ժամանակացույցը դիլետանտներ են կազմել». Դավիթ Թորոսյան
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնությունում հաղթանակը կապում է թիմային միավորված աշխատանքի հետ:«Բոլորին էր հայտնի, որ ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում հաջողության հասնել Եվրոպայի և այլ առաջնություններում: Այս անգամ ավելի լավ մարզավիճակում էի և ուրախ եմ, որ մրցավարները իմ նկատմամբ արդար էին: Թիմային համախմբվածության շնորհիվ դարձա Եվրոպայի չեմպիոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն էլ նշեց, որ բռնցքամարտի մրցումների ժամանակացույցը դիլետանտներ են կազմել: «Եվրոպայի առաջնությունը վերջերս է ավարտվել, իսկ մեկուկես ամիս հետո կայանալու է աշխարհի առաջնությունը: Սովորաբար խոշոր մրցումներից հետո երկարատեւ ընդմիջում են հայտարարում, քանի որ միայն ուժերը վերականգնելու համար բռնցքամարտիկներից պահանջվում է մոտ մեկ ամիս: Ավաղ, մենք ստիպված ենք մի քանի օրից վերսկսելու մարզումները, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի մեր մարզիկների համար»: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի երկու մարզիկով` Հովհաննես Բաչկով և Կարեն Տոնականյան:
