Սեֆիլյանի և մյուսների գործով նախագահող դատավորը սանկցիա կիրառեց մի քանի պաշտպանների նկատմամբ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 27-ին լարված մթնոլորտում ընթացող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը ընդմիջումից հետո շարունակվեց: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ընթերցեց դատական սանկցիայի կիրառման մասին որոշում: «Դատարանը որոշեց փաստաբան Տիգրան Եգորյանի հանդեպ կիրառել սանկցիա պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով Փաստաբանական պալատ: Սույն որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է և ենթակա չէ բողոքարկման»,- ասաց դատավոր Գրիգորյանը: Նախագահող դատավորի խոսքով` արձանագրություններ են ստացվել դատական կարգադրիչների կողմից, որտեղ նշում է, որ պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը հրաժարվել են ենթարկվել զննության: «Դատարանը արձանագրում է, որ պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանն այս պահին ներկա չեն: Դատարանը հեռանում է պաշտպանների վարքագծի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու»,- եզրափակեց Գրիգորյանը:
