Ինչպես դիմակայել շոգին. խորհուրդներ սրտաբանից
Ամռան տապը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մարդու վրա, հատկապես նրանց, ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդություններ: Ինչպե՞ս դիմակայել շոգ եղանակին և ի՞նչ անել առողջ լինելու համար: Այս և նմանատիպ այլ հարցերի շուրջ Hayeli.am-ը զրուցեց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբան Դավիթ Օհանյանի հետ: Ըստ սրտաբանի, պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 12:00-17:00-ի ընթացքում. «Պետք է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայնթներից ՝ կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց»: Ջրազրկումից խուսափելու համար Օհանյանը խորհուրդ տվեց օրական խմել 1-2.5լ ջուր։ «Սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողները հեղուկներ ընդունելու, դրանց քանակի հարցերի շուրջ անպայման պետք է խորհրդակցեն բուժող բժիշկների հետ, քանի որ հեղուկի չարաշահումը կարող է բացասական ազդեցություն ունենալ»,-բացատրեց սրտաբանը՝ հավելելով, որ մշտապես, բայց չափավոր սուրճի օգտագործումը կարգավորում է ճնշումը: Նա նաև հորդորեց բավարարվել օրական 2-3 գավաթ սուրճով: Խոսելով ամռան շոգ եղանակին սնվելու մասին` մեր զրուցակիցը խորհուրդ տվեց սննդակարգից հանել կծու, յուղոտ կերակուրները, սահմանափակել աղի, շաքարի քանակը: «Նախընտրելի է դյուրամարս սնունդ, մեծ քանակությամբ բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ»: Ըստ նրա, սիրտ-անոթային հիվանդության հիմնական նախանշաններն են՝ գանգատներ սրտի շրջանում, հևոց, շնչարգելություն, ռիթմի հետ կապված փոփոխություններ, շուտ հոգնածություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներ, ճնշման տատանումներ: Օհանյանը նկատեց նաև, որ հայերը բժշկի են դիմում միայն, երբ «դանակը ոսկորին է հասնում»: «Մերօրյա ցավալի կողմերից մեկն է, երբ բժշկությամբ զբաղվում են ոչ միայն մասնագետներն, այլև նրանք, ովքեր չունեն համապատասխան կրթություն:Եթե տվալ դեղորայքն օգնել է մեկին, չի նշանակում, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ մյուսների համար»,-ասաց Դավիթ Օհանյանը՝ խորհուրդ տալով ժամանակ առ ժամանակ կանխարգելիչ ստուգում անցնել. եթե խնդիրը վաղ փուլում հայտնաբերվի, այն հաղթահարելը շատ ավելի հեշտ կլինի: Պերճուհի Գևորգյան
