«Թավիշն» էլի պնդում է՝ Արցախը կարևոր չի

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները միասնաբար հայտարարում են իրենց հովանու ներքո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու, հակամարտության տևական լուծումը գտնելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահը կրկին սկսել է քննադատել նրանց, և անգամ անուղղակիորեն մեղադրում ղարաբաղյան վերջին պատերազմին նպաստելու մեջ:
Երեկ, մասնավորապես, ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, Ալիևը պնդել է, թե միջնորդները մոտ երեք տասնամյակ շարունակված բանակցությունների ընթացքում մի շարք հնարավորություններ են կորցրել, արդյունքում, Բաքուն ստիպված է եղել սեփական ուժերով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված չորս բանաձևերը:

«Այդ փաստաթղթերը պահանջում էին անհապաղ ու ամբողջությամբ դուրս բերել հայկական ուժերը մեր`միջազգայնորեն ճանաչված տարածքներից, ինչը շատ կարևոր քաղաքական ժեստ էր Անվտանգության խորհրդի կողմից: Սակայն, ցավոք, այդ բանաձևերը չիրագործվեցին: Ադրբեջանական հասարակության համար առավել դժվար էր ընկալել այն փաստը, որ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը Մինսկի խմբի համանախագահներն էին: Իրենք էին հենց ընդունել այդ բանաձևերը, բայց, ցավոք, նրանց նախագահության 28 տարին կորսված հնարավորությունների ժամանակաշրջան էր», - ասել է Ադրբեջանի նախագահը»։

Ըստ Ալիևի՝ ինքը մի քանի անգամ խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, սակայն՝ ապարդյուն: «Եթե Հայաստանի նկատմամբ ճիշտ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին, եթե Մինսկի խմբի համանախագահները`աշխարհի երեք գերտերությունները, օգտագործեին իրենց ներուժի հինգ տոկոսը, որպեսզի համոզեին կամ հարկադրեին Հայաստանին՝ դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, ապա պատերազմ չէր լինի: Հետևաբար, պատերազմի համար պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանն է կրում, այլև բոլոր նրանք, ովքեր չկարողացան, կամ չցանկացան հարկադրել նրանց՝ հետևել միջազգային իրավունքին», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի այս հայտարարությունները հնչում են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների`անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինն ու Մակրոնը կրկին խոսեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվացնելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին: Մի քանի օր անց էլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր հայտարարել` ղարաբաղյան խնդիրը լուծված չէ, քանի դեռ չի հստակեցվել կարգավիճակի հարցը:

Չնայած միջնորդների այս պնդումներին`Ադրբեջանի նախագահը շարունակում է մնալ անդրդվելի. երեկ նա կրկնել է 44-օրյա պատերազմից հետո շրջանառության մեջ դրած իր թեզը, թե ղարաբաղյան խնդիրն այլևս մնացել է անցյալում՝ ակնարկելով, որ ինքը խնդրի շուրջ քննարկումներ սկսելու ցանկություն չունի: «Հիմա պատերազմն ավարտվել է, հակամարտությունը լուծված է, եղածի մասին այլևս ասելիք չկա: Մենք պետք է նայենք ապագային, և ներկայումս մեր գլխավոր խնդիրն է վերականգնել քանդված, ամբողջովին ավերված տարածքները»:

Ինչպես նկատում ենք, Ալիևը նոր հարձակում է սկսում միջնորդ պետությունների ուղղությամբ, ինչը նշանակում է, որ կա որոշակի ճնշում նրա նկատմամբ՝ բանակցություններ սկսելու համար:

Հիմա Ալիևը նորից սկսելու է պարբերաբար հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել է, թեման փակված է, Ադրբեջանը վերադարձրել է Ղարաբաղը: Այսինքն, Ալիևի ծրագիրը պարզ է՝ նախօրոք հարձակում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ ակնկալիքով որ Մինսկի խումբը չի վերսկսի իր գործունեությունը:

Այս մթնոլորտը ինչ-որ առումով՝ նպաստավոր է պաշտոնական Երևանի համար, եթե Հայաստանի «թավշյա» իշխանությունը կարողանար օգտվել այս իրավիճակից, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ արդյունավետ աշխատեր, որպեսզի կարողանար նպաստեր հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը:

Բայց մինչև հիմա Ալիևն է Հայաստանի առջև պահանջներ դնում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումից մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
Իսկ ԼՂ-ի կարգավիճակի հարցը Ալիևը մտածված մոռացության է մատնում: Ու Հայաստանի ամբիոնից չի հնչում իշխանական որևէ ուժի կողմից այս հարցով կոնկրետ առաջարկ, թե ինչպես պետք է առաջ ընթանալ:

Ավելին, այսօր իշխող քաղաքական խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ի ամբիոնից հայտարարել է՝ «Մենք բոլորս այս երկրի անվտանգության երաշխավորներն ենք, հետո նոր կխոսենք Արցախի անվտանգության մասին»: Հայաստանի ներքաղաքական թեժ պայքարը ԱԺ-ում նույնիսկ պատճառ չէ, որպեսզի իշխող քաղաքական ուժը նման անպատասխանատու միտք հայտարարի պատճառաբանելով, թե՝ «մի հատ մեր ներքին անվտանգության խնդիրները լուծենք... էս ի՞նչ ա...»:

Իսկ Արցախի անվտանգության մասին ո՞վ է մտորելու: Ալիևն իր հերթին է ասում Ղարաբաղի հարցը լուծված է, «թավիշն» էլ իր հերթին է ասում՝ Արցախի անվտանգության մասին՝ հետո...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2344 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am