Բաքուն խոշորածավալ սադրանք է նախապատրաստում. Ինչու է Շոյգուն կանչել ՀՀ Պնախարարին

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները: «Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ի սահմաններում Շուշի բնակավայրի մոտակայքում Արցախի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Ռուս խաղաղապահների ջանքերով կրակոցները դադարեցվել են, տուժածներ չկան: Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Այսպես, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը առաջին անգամ արձանագրել է, որ Շուշիի մոտակայքում կան Արցախի զինված կազմավորումներ, և նրանց ու Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Ադրբեջանն այսօրվանից կարծես նախապատրաստվում է ինչ-որ նոր փուլի: Բաքուն սրում է իրավիճակը սահմանին և Հայաստանի ուղղությամբ մեղադրանքները սաստկացնում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե այս գիշեր հայկական ուժերը խախտել են հրադադարը Քելբաջարի ուղղությամբ` տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացելով դեպի Դեմիրչիդամ բնակավայրը. զոհեր ու վիրավորներ չկան։ Արցախի Պաշտպանության բանակն է հայտարարել, որ այս առավոտ Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան: Սա Արցախում նոյեմբերից հաստատված հրադադարի խախտման արդեն երկրորդ միջադեպն է անցած մեկ շաբաթվա մեջ։

Ավելին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում։ Ադրբեջանի բանակը կձեռնարկի համարժեք քայլեր, նման իրավիճակն անընդունելի է, հայտարարել է Բաքուն։ «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ղարաբաղում մնացած հայկական ուժերի մնացորդները պետք է դուրս բերվեին Ադրբեջանի տարածքից, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրում։ «Վերջին օրերին Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը՝ իր զինված ուժերը տեղափոխելով Ադրբեջանի տարածք և նոր հայկական դիրքեր բացել Մուխտարաքենդի ու Շուշաքենդի, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի արևելյան հատվածներում։ Դրանով հայկական կողմը միտումնավոր գնում է սադրանքների՝ իրավիճակը սրելու համար», - պնդում է Բաքուն, հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։

Ավելի վաղ՝ ամիսներ առաջ, այս հարցը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր բարձրացրել․ ով նաև միջազգային կառույցներին ու ՄԱԿ-ին էր դիմել, պնդելով, թե Հայաստանը ապօրինի ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի տարածքում։ Հայկական կողմը Ադրբեջանից հնչող այդ մեղադրանքներին ի պատասխան մեջբերում է եռակողմ հայտարարության դրույթը, ըստ որի նոյեմբերի 9-ից հետո կողմերը մնում են զբաղեցրած դիրքերում։

Նկատենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան։ Ըստ հաղորդագրության՝ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրված Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ քննարկվում են Հայաստանի սահմանների հետ կապված հարցեր, և բանակցություններին մասնակցում է նաև «հակառակորդ կողմից որևէ բարձրաստիճան զինվորական պաշտոնյա»։

Սա Արշակ Կարապետյանի երկրորդ այցն է Մոսկվա Հայաստանի ռազմական գերատեսչությունը փաստացի գլխավորելուց հետո։ Նա Մոսկվայում էր նաև հուլիսի 27-ին, երբ կատարում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները։

ՌԴ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, հայտարարել է Շոյգուն՝ Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, և Արշակ Կարապետյանը Զասի հետ հանդիպմանն ասաց, որ ՀԱՊԿ-ում որոշումների կայացման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության պահանջներին, և հավելեց. «Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժամանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:

Ակնհայտորեն, իրադրությունը սահմանին լարվում է: Բաքուն նախապատրաստում է խոշորածավալ սադրանք, գուցե կարճատև ռազմական գործողություններով՝ որևէ ուղղությունից, որպեսզի՝ մեկ այլ ուղղություններում ստանա ցանկալին:

Օպերացիային, անշուշտ մասնակցություն կունենա Ռուսաստանը, որն արդեն Տավուշի մարզում դիրքավորվել է: Ո՞ր կողմից, ե՞րբ, ինչպե՞ս և ամենակարևորը՝ ինչի՞ դիմաց, այս հարցերն անպատասխան են:

Փոխարենը մի քանի օր է, ինչ Ազգային ժողովում ելույթներ են հնչում, պարզապես խոսքային փոխհրաձգություն, ամեն ինչի մասին կարելի է լսել՝ բացի Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրացման հրամայականի թեմաները...

ՀՀ Պնախարարի այցը Ռուսաստան, Շոյգի դիրքորոշումները նախանշում են, որ Մոսկվան փորձում է Հայաստանին համոզել ինչ-որ զիջումների գնալ, որի դիմաց մեզ խոստանում են դաշնակցային հարաբերություններ՝ հիշեցնելով, որ Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6340 անգամ
Լրահոս
Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am