Երբ բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետայինհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ասաց, որ եթե մի քրիստոնյա երկրում, որտեղ կա նաև ոչ քրիստոնյա հատված, և փորձ է արվում խրախուսել ժողովրդագրական խնդիրների լուծումը, ապա այն տեղի է ունենում ոչ քրիստոնյա հատվածի աճի շնորհիվ: «Միայն ներքին ռեսուրսների հաշվին հնարավոր չէ ապահովել Հանրապետության նախագահի այն հայտարարությունը, որ մինչև 2040 թվականը բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի: Բնակչության թվի ավելացումը հնարավոր է տնտեսական բարեփոխումների և ներգաղթի միջոցով»,- ասաց Մինասյանը: Նրա կարծիքով` եթե բոլոր ոլորտներում հավասարապես չիրականացնենք բարեփոխումներ, դժվար կարողանանք առաջիկայում ունենալ 4 մլն բնակչություն: «Մենք ունենք մի խնդիր` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, որը մեզ տևական ժամանակ ուղեկցելու է: Այս պարագայում 4 մլն ազգաբնակչության ունենալը ենթադրում է մի բան, որ երկրում պետք է ամեն ինչ արվի՝ արդար, ապահով, մրցակցային հնարավորություններ ապահովելու միջոցով»,- ասաց նա:
