«Սպայկա» ընկերությանը հողատարածք նվիրեց
Ներդրումային ծրագրի շրջանակներում կառավարությունը հողամաս նվիրաբերեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ունենալ նոր, ժամանակակից արտադրություն, ավելացնել միջազգային շուկա տեղական արտադրանքի արտահանման ծավալները ու ստեղծել կայուն աշխատատեղեր», - ասաց Տարոն Մարգարյանը: «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների տնօրենները համատեղ դիմումով Երևանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամաս:
