«Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը». Կարեն Կարապետյան
Կառավարության այս տարվա միջոցառումների և գերակա խնդիրների կատարման առաջին կիսամյակը ավարտին է մոտենում: Այս մասին այսօր գործադիրի նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում կառավարության նախաձեռնած 2017 թվականի միջոցառումների ու գերակա խնդիրների կատարման առաջին կիսամյակը՝ հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ մինչև հուլիսի 28-ը ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ:Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ որ նախագծել ենք, հստակ ձևակերպենք՝ ինչն ենք կատարել, եթե կլինեն չկատարված բաներ, ներկայացնենք՝ ինչու չենք կատարել ու երբ ենք վերացնելու դա՝ չնայած կարծում եմ, որ այդպիսի կետեր պետք է չլինեն», - ասաց վարչապետը։ Նա հանձնարարեց նաև կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրել հանրությանը։
