Ալիևն այդ ի՞նչ «հուսադրող լուրեր» է սպասում Երևանից

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների մի շարք դրույթներ կատարվել են, որոշներն ընթացքի մեջ են, բայց դրանց լիարժեք իրականացմանը խանգարում է «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը»: «Ամենակարևոր պահերից մեկը ականային սպառնալիքն է: Չնայած ռազմական գործողությունների ավարտին՝ ականները շարունակում են սպառնալիք ներկայացնել: Եթե ռազմական գործողությունները դադարեցված են և ձեռք է բերված պայմանավորվածություն, ապա պետք է փոխանցվեն ականապատ դաշտերի քարտեզները: Բայց հայկական կողմը դրանք չի տրամադրում»,- ասել է Բայրամովը:

Պաշտոնական Բաքուն, այսպիսով, շարունակում է Հայաստանից բողոքելու իր քաղաքականությունը՝ տարբեր ուղղություններով: Նա եվրոպացի պաշտոնյաների համոզում է, որ Ադրբեջանը չի գտնվում ՀՀ տարածքում: «Ադրբեջանական զորքը Հայաստանի հետ սահմանին զբաղեցրած դիրքերից չի հեռանալու, դրանք մեր տարածքներն են», - օրեր առաջ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր Ալիևը:

Ավելի քան մեկ ժամանոց հարցազրույցում Ալիևը մի քանի անգամ է անդրադարձել Եվրոպական խորհրդի ղեկավարի վերջին տարածաշրջանային այցին, հատկապես ողջունել փաստը, որ Բաքվում Շառլ Միշելը որևէ բառ չասաց ոչ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, ոչ էլ այս հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտության մասին: «Դա պետական գործչի կողմից խոհեմ քայլ էր, մենք այն գնահատում ենք, իսկ Հայաստանը պետք է համապատասխան հետևություններ անի», - ասել է Իլհամ Ալիևը, կրկին ընդգծելով՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր «չկա», և կարգավիճակի մասին խոսելն էլ անտեղի է: «1991-ին՝ անկախության հռչակումից անմիջապես հետո, Ադրբեջանի խորհրդարանը լուծարել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը», - ասել է նա:

«Ադրբեջանի ժողովուրդն արդարացիորեն դժգոհում է, երբ այսօր Ֆրանսիայում և Ամերիկայում իրականությանը հակասող հայտարարություններ են հնչում, թե իբր հակամարտությունը պետք է կարգավորվի: Ես նրանց ասում եմ` ես` Ադրբեջանի նախագահս, արդեն լուծել եմ այդ հարցը, վերջ: Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա: Այնտեղ 25 հազար մարդ է ապրում` ո՞րն է 25 հազար մարդուն կարգավիճակ տալու տրամաբանությունը: Կրկնում եմ` եթե ինչ֊որ մեկը ուզում է կարգավիճակ տրամադրել, ապա Ամերիկայում մոտ մեկ միլիոն հայ է ապրում, Ֆրանսիայում` ավելի քան կես միլիոն, ինչո՞ւ այնտեղ հայերին կարգավիճակ չի տրվում», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Ընդ որում, Ալիևը պնդել է, թե այս հարցում իր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի` Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են: «Ռուսաստանն ու Ադրբեջանը կարծում են, որ պատերազմն ավարտվել է, որ Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռևանշիստական միտումներ, և այսուհետ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի», - ասել է Ադրբեջանի նախագահն ու հավելել` երկարաժամկետ համագործակցության մասով Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումներում տարաձայնություններ չկան, և ինքն անձամբ շատ մտերիմ հարաբերություններ ունի Պուտինի հետ։ «Մենք վստահում ենք միմյանց, ինչը շատ կարևոր է», - ասել է նա: «Ես փոխանցեցի Պուտինին, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանը կրկին իրեն անկեղծ չի պահում: Ես արդեն ասել եմ, որ բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, և ոչ ընտրողաբար: Սակայն, մենք տեսնում ենք, որ Հայաստանը կրկին փորձում է ինչ-որ խաղ խաղալ», - ասել է Ալիևը՝ մասնավորեցնելով, թե հայկական կողմը դժկամությամբ, բայց, ի վերջո, համաձայնել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի գործարկմանը, սակայն հիմա էլ դեմ է ավտոճանապարհի բացմանը:

Այս հարցերը քննարկելու համար Երևանն ու Բաքուն համաձայնել էին Ռուսաստանի հետ եռակողմ աշխատանքային խումբ ձևավորել. փոխվարչապետերի ու փորձագիտական խմբերի հանդիպումները, սակայն, շարունակվեցին մոտ կես տարի։ Անցած մայիսին, երբ ադրբեջանական զորքն առաջ բերեց դիրքերը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, հայկական կողմը հայտարարեց` նման մթնոլորտում քննարկումներ չեն կարող լինել: Ու թեև ադրբեջանական զորքը դեռ չի հեռացել, և, ինչպես Ալիևն է պնդել, չի էլ պատրաստվում հեռանալ, այս հարցում Բաքուն առաջընթաց է ակնկալում: «Մենք Ռուսաստանի նախագահի հետ մտքերի փոխանակում ունեցանք, և կարծում եմ, որ հաջորդ փուլում արդեն մենք ավելի հուսադրող նորություններ կլսենք Երևանից: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Զանգեզուրի միջանցքը անպայման պետք է բացվի, և որքան շուտ Հայաստանը հասկանա դա, այնքան լավ՝ իր համար», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Փաստորեն, Ալիևն ակնկալում է օրերս, որ Երևանից հուսադրող նորություններ կլսի: Ըստ ամենայնի, նա ցանկանում է հասկացնել, որ Պուտինի հետ բանակցություններից հետո՝ Ռուսաստանին կհաջողվի խելքի բերել Հայաստանին և Բաքուն կստանա ցանկալի զիջումները:

Ու զուգահեռ Ալիևը թեժացնում է սահմաններում իրավիճակը: Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Նախարարության փոխանցմամբ, հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների, նշում է պաշտպանության նախարարությունը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե այսօր հայկական կողմը կրկին կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ Նման հայտարարություն Ադրբեջանը տարածել էր նաև կիրակի օրը։

Նշենք, որ ուրբաթ օրը սահմանի տվյալ հատվածում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից վիրավորվել է երեք զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն մեկ զինծառայող։
Ի դեպ, հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբը նոր ղեկավար ունի: Ադրբեջանի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։

Մինչ օրս Վելիևը զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի և Պաշտպանության նախարարության անձնակազմի գծով գլխավոր վարչության պետի պաշտոնները։ Վելիևը 60 տարեկան է,1982 թվականին ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ուսումնարանը, 1990-ից 94 թվականներին ուսանել է Մոսկվայում՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Ադրբեջանի ԳՇ պետի պաշտոնը թափուր էր մնացել անցած տարվա աշնանից, երբ աշխատանքից հեռացվեց այդ կառույցի երկարամյա ղեկավար Նեջմեդդին Սադիխովը։ «Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն Սադիխովը հեռացվել էր պատերազմի սկզբնական շրջանում արձանագրված անհաջողությունների պատճառով», - նշում է «Թուրան» գործակալությունը։

Հիշեցնենք, որ Հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտեց Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը՝ արձանագրելով. «Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1595 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am