ԱՀ ՊԲ-ն հերքում է՝ Ադրբեջանը հայկական անօդաչու թռչող սարք չի ոչնչացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան արցախա-ադրբեջանական շփման գծում ոչնչացրել են հայկական կողմին պատկանող անօդաչու թռչող սարք: Արցախի Հանրապետության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական կողմի այս հայտարարությունը՝ այն համարելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը: «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,- Facebook-ի իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը:
