Քանի՞ 10 հազար դրամ եք ծախսել, որ ձեր նկատմամբ վստահություն լիներ.Նիկոլ Փաշինյան
«Մեզ մեղադրում են` ասելով` ինչո՞ւ ենք դեմ նման լավ, դրական ծրագրին։ Իսկ թե ինչու ենք դեմ: Թան էլ չէ, փրթած մածուն։ Ձեզ համար ընդամենը կարեւոր է, որ ուսանողը ՀՀԿ-ական լինի, իսկ ընտրություններին ՀՀԿ մայկան հագնի ու ընկնի տնետուն։ Այստեղ էն պերաշկու անեկդոտը հիշեցի, որ մի հատ կծում է, ասում է` ուր է միսը, ասում է` դեռ չես հասել, մի հատ էլ է կծում, ասում է` բա, ուր է, ասում է` անցար արդեն»,-այսօր Կառավարության 2017-22թթ. ծրագրի ներկայացմանը ասաց Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սերժ Սարգսյանը Ադրբեջանի հետ ռազմական բալանսը տանուլ է տվել ու դրա մասին անգամ էլ չեն վիճում: Հա, ասում են` իսկանդեր, հա իսկանդեր… Երեկ, երբ Սեդրակ Սարոյանը խոսում էր ավտոմատով կարկտաբեր ամպերը ցրելու մասին, ուզում էի ասել` միգուցե իսկանդերը փորձեիք կարկուտի ամպերը ցրելու համար։Եթե անընդհատ խոսում ես մի բանի մասին, ուրեմն այն իր նպատակին չի ծառայել, իսկ բարձրաշխարհիկ ձեւակերպումներով ոչինչ չի փոխվի։Սերժ Սարգսյանը միակն է, որ հրադադարից հետո տարածք է զիջել Ադրբեջանին։ Ի դեպ, իսկ ի՞նչ եղավ նոր ատոմակայանի կառուցումը։ Արմենիկումի շարքից էր նոր ատոմակայանի կառուցումը։ Կառավարության այս ծրագրում՝ ոչ մի նամյոկ այդ մասին»,-ասաց նա: «Ով է լինելու 2018թ. ՀՀ վարչապետը եւ այն քննադատությանը, թե ինչ տարբերություն` ով կլինի:Ասեմ` կա տարբերություն` եթե պրոցեսները տանում եք այնպես, որ Սերժ Սարգսյանին նորից կարգեք վարչապետ, կա տարբերություն։ Սերժ Սարգսյանն է բոլոր ձախողումների թիվ մեկ պատասխանատուն։ Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, երբ ամեն շաբաթ կան զոհեր, տարածքներ են զիջվում։ Քանի՞ տասը հազար դրամ եք ծախսել, որ ձեր նկատմամբ վստահություն լիներ: Չպետք է քավության նոխազի դերում լինի այս կառավարությունը։ Պատասխանատուն ոչ թե նախորդ վարչապետեր Հովիկ Աբրահամյանն է, ոչ էլ Տիգրան Սարգսյանը, այլ Սերժ Սարգսյանը։ Գնդակը հիմա հանրության դաշտում է։ Եթե այս ծրագիրը լիներ կառավարության ծրագիրը, մի տեղ կարելի էր քննարկել, բայց քանի որ սա Սերժ Սարգսյանի ծրագիրն է, մենք միանշանակ դեմ ենք քվեարկելու»,-ասաց նա:
