«Իմաստը ո՞րն է». Արամ Սարգսյանը՝ կառավարության ծրագրի մասին
ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացմանը Ելք դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը ասաց, որ համարում է, որ սա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագիրն է: «Գուցե ես ճիշտ չեմ, քանի որ կարծում եմ՝ սա Կարեն Կարապետյանի ծրագիրն է՝ ինքն է ելույթ ունենում ու հարցերի պատասխանում: Բնակչության 90 տոկոսից ավելին ինձ նման սխալվում է: Հարգելով ծրագիրը գրող մարդկանց՝ ես կարմիր մատիտով ու ուշի-ուշով ուսումնասիրել եմ այն, ու վերջում ինձ հարցրել՝ իմաստը ո՞րն է: Ուզում էի հասկանալ՝ այս իրավիճակից՝ աշխարհաքաղաքական, ներքաղաքական, հետեւություններ արե՞լ ենք, մենք ինքներս մեզ խոստովանո՞ւմ ենք՝ այս իրավիճակի բացթողումները որոնք են, որ առաջ շարժվենք: Ծրագրում ես հակառակը տեսա: Այս հանրապետության առաջին նախագահը ստորագրում է բազային պայմանագիր, որը, չգիտես ինչու, հետագայում երկարաձգվում է, որում ոչ թե մեզ են վճարում, դեռ մի բան էլ մենք ենք վճարում: 2-րդ նախագահը գույք պարտքի դիմաց պայմանագիրը կնքեց: Այդ փաստաթղթից միայն գույքի հանձնում է կատարվում, իսկ մնացած պարտավորությունները համարյա թե չեն կատարվում: 3-րդ նախագահը մտնում է ԵՏՄ, որի հետ ոչ ընդհանուր սահման ու շահեր չունենք՝ ներքին կարգով հիմնավորվելով, որ անվտանգության խնդիր ունենք»: Այնուհետև նկատեց՝ 2015թ. նույն դահլիճում նստած շատերի համաձայնությամբ Հայաստանը Ռուսաստանի «Գազպրոմի» հետ փաստաթուղթ ստորագրեց, որ մինչև 2043թ. մենք որևէ գազային պայմանագիր չենք ստորագրի, որը կհակասի «Գազպրոմի» շահերին. «Հետևաբար՝ մենք ի՞նչ ենք սպասում, որ այս փաստաթղթում պետք է խոսք լինի Իրան-Հայաստան գազատարի մասին, այդ գազատարի տարանցիկ լինելու մասին, նավթամուղների, ճանապարհների, Իրան-Հայաստան երկաթգծի մասին, Արաքսի վրա կառուցվող հէկ-ի մասին, նոր ատոմակայան կառուցելու մասին, որը գործող նախագահի խոստումն էր, էլ չեմ խոսում վերականգնվող էներգետիկայի մասին։ Ինչպե՞ս կարող էր այդ մասին խոսք լինել, ակնհայտ է, չէ՞, որ ԱՄՆ դեսպանի միջոցով դա հաղորդվեց մեզ»:
