Ձեզ ասել են՝ գրի 5 տոկոս, դուք էլ գրել եք. Էդմոն Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս դիմեց կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Կարեն Կարապետյանին և ասաց, որ ցանկացած ոք էլ պատրաստ է լինել վարչապետ. «Իսկ իմ ընկերոջ հարցադրմանն ի պատասխան՝ ասացիք՝ այո, ես պատրաստ եմ լինել վարչապետ։ Ասենք՝ ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ, լիքը մարդ կա, որ պատրաստ է, բայց քաղաքական մեծամասնություն մենք չունենք։ Ուզում ենք հասկանալ՝ այսօրվա վարչապետն ունի՞ քաղաքական մեծամասնություն, թե՞ ոչ։ Այդ հարցին չեք կարողանում պատասխանել, որը կարևորագույն քաղաքական հարցն է»։ Մարուքյանը սկսեց ընթերցել Կառավարության ծրագրից հատվածներ. «Նշում եք, որ պետք է խուսափել պոպուլիզմից: Երկրում ամենից շատ պոպուլիզմի համար ձեզ են մեղադրում: Պետական պարտքին չանդրադարձաք: Սա Կառավարության առաջին ծրագիրն է, որտեղ համայնքների համաչափ զարգացման մասին խոսք անգամ չկար: Ստացվում է՝ Երեւանում ուզում եք կառուցել Երեւան-գյուղ: Արտաքին հարաբերությունները՝ հանդիպումներ եք ունեցել միայն ԵՏՄ երկրների հետ, մինչդեռ փողն արեւմուտքում է, իսկ արեւմտյան մի այց չի կազմակերպել: Լավ, ԵՏՄ երկրների հետ եք հանդիպումներ ունենում, իսկ այդտեղ բազմաթիվ անգամներ խախտվում են ՀՀ քաղաքացիների շահերը: Օրինակ՝ հայկական վարորդական իրավունքով ՌԴ-ում հնարավոր չէ աշխատել, բա ինչո՞ւ չեք պաշտպանում ՀՀ քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիներին դեպորտացիա են անում ՌԴ-ում կարմիր լույսի տակով անցնելու համար: Բա մեր քաղաքացիների շահերը ո՞վ պիտի պաշտպանի այդ դեպքում, եթե չեք գնում Եվրոպա փող բերելու: Ասում եք՝ ապահովելու եք տնտեսական 5 տոկոսանոց աճ: Ձեզ ասել են՝ գրի 5 տոկոս, դուք էլ գրել եք ու երբ չապահովեք, ապրիլին ասեն՝ դե, չկարողացար, դրա համար էլ դեռ չէինք կարող ասել՝ ով է լինելու վարչապետը»: Մարուքյանն ասաց, որ այս ընթացքում վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տեսել են շատ ապաքաղաքական մոտեցումներ. «Եթե դուք մի հատ ԱԺ խմբակցության հետ չեք կարողանում հանդիպում կազմակերպել, ինչի՞ մասին է խոսքը։ Խորհրդարանական երկրում վարչապետն ասում է՝ ժամանակ չունեմ, որ գամ՝ ծրագիրը ներկայացնեմ։ Դուք պետք է մի 3 օր չգնայիք էս շենքից, բոլորի հետ հանդիպեիք ու խոսեիք»։
