ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ ներկայացուցիչները դիվերսանտներին տեղեկություն են փոխանցել նրանց ընտանիքների մասին, ինչպես նաև վերջիններից համապատասխան տեղեկություն են ստացել` փոխանցելու հարազատներին: Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևը ԼՂՀ-ում դատապարտվել են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, հրազեն եւ զինամթերք կրելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու ԼՂՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման:
