Բեքչյանը Ստամբուլում նախագահել է Կրոնական ժողովը
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ի երեկոյան ժամանել է Ստամբուլ: Աթաթուրքի օդանավակայանում Բեքչյանին դիմավորել են Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու մի խումբ այլ անձինք: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Շուրջ երեք ամսվա ընդհատումից հետո հունիսի 21-ի առավոտյան Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Բեքչյանը: Ժողովի օրակարգում պատրիարքի ընտրության ու Նախաձեռնող մարմին ձևավորելու մասին հարցերն էին: Ուշագրավ է, որ Կրոնական ժողովի նիստին ներկա չի եղել փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Բեքչյանը «Ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ առաջիկա օրերին ամբողջությամբ ներգրավվելու է պատրիարքի ընտրության կազմակերպման աշխատանքներին:
