Դատավորը հեռացրեց «Սասնա ծռեր»-ի անդամին
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին 6 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից՝ դատավորի օրինական պահանջներին չենթարկվելու՝ տեղից խոսելու համար։ Գագիկ Եղիազարյանը մինչ այդ հայտարարեց, որ հայ ժողովուրդը վաղուց է բացարկ հայտնել համակարգին, իշխանությունների գործունեության շնորհիվ է, որ ամեն օր սահմանին զոհեր ենք ունենում։ Այս պահին դատական նիստը ընդմիջվել է կես ժամով։ Հիշեցնենք,որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված մասի դատավարությունը,որն անցկացվում է արտագնա՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Արտուշ Գաբրիելյանը: Մինչեւ նիստի մեկնարկը դատական կարգադիրչները կրկին փորձել են խուզարկել փաստաբաններին: Դատական նիստը դեռ չմեկնարկած` հետաձգվել է, քանի որ եւ ամբաստանյալները, եւ նրանց հարազատները աղմկում էին:Հատուկ այս նիստի համար դահլիճն ապակեպատ էր դարձվել ,ինչ էլ խոչնդոտներ առաջացրեց: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
