Մահանում են երիտասարդներ, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց շփման գծում եղած վերջին լարվածության մասին՝ նշելով, որ մահանում են երիտասարդներ, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր: «Կյանքի կորուստն, իհարկե, սարսափելի է: Սա երիտասարդներ են, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր, թույլ տվեք իմ կարեկցանքը հայտնեմ նրանց ծնողներին ու ընտանիքներին: Այս մշտական դեպքերը, հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգիչ են: Որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել», - ասաց Պյոտոր Սվիտալսկին: Անդրադառնալով ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը՝ դեսպանը վստահեցրեց, որ համանախագահները շատ լավ տիրապետում են իրենց գործին և լավ գործ են անում բավականին դժվար միջավայրում, որտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան. «Հուլիսի սկզբին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերնը կգա Հայաստան, նրա այցելությունը ԵՄ կողմից այն բանի ցուցադրումն է, որ մենք մտահոգ ենք իրավիճակի կապակցությամբ։ Մենք հավատում ենք, որ մեր հիմնական դերակատարությունը՝ ՄԽ միջնորդական ջանքերին աջակցությունն է, բայց մենք պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցությունը դրսևորել խաղաղության գործընթացին, այդ թվում նաև՝ հակամարտությանը հաջորդող ժամանակաշրջանում»։
