ԵՄ հետ ՀՀ վիզային ռեժիմի ազատականացումը ամիսների հարց չէ. Սվիտալսկի
Արևելյան գործընկերության ընդլայնված և խորացված համաձայնագրի ստորագրման նախապատրաստական քայլերն ընթացքի մեջ են։ ԵՄ-ն ավարտել է տեխնիկական վարժանքը, ըստ որի՝ հաստատված են փաստաթղթի իրավական քայլերը։ «Մենք կարող ենք լավատես լինել։ Մենք հույս ունենք, որ նոյեմբերին համաձայնագիրը կստորագրվի»,- այսօր հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ըստ նրա՝ ԵՄ-Հայաստան հարբերությունները պատշաճ ուղու վրա են։ Եվրամիության հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացման հարցը ոչ օրերի, ոչ էլ ամիսների հարց է, սակայն չի հանվել օրակարգից` պետք է զինվել համբերությամբ,ասաց դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես հասկանում եմ, որ այս հարցը շատ կարևոր է բոլոր հայերի համար, թեև վերջերս մի հոդված տեսա հայկական ԶԼՄ-ներից մեկում, որում ասվում էր` «հայերը հիմնականում անտարբեր են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ»: Դրա մասին ես խոսում եմ ժպիտով, որովհետև այս հայտարարությունները, որոնք երբեմն անցնում են ձեր ԶԼՄ-ներով, ցույց են տալիս` վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները մի բան են, որոնց վերաբերյալ որոշ մարդիկ լարվում են», - ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը: Նա շնորհավորեց Վրաստանին և Ուկրաինային: «Նրանք խիզախ են ու ճիշտ որոշումներ կայացրեցին 2013թ.-ին և հիմա կարող են օգտվել դրանից», - ասաց Պ. Սվիտալսկին: Վերադառնալով Հայաստանին` ԵՄ դեսպանը նշեց, այս հարցում շատ բան կախված է նաև երկրում կատարվող աշխատանքից:
