Տուլայի շրջանում վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորափոխադրումն իրականացվել է ոչ կանոնավոր
Օրերս վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրում իրականացնող հերթական միկրոավտոբուսը: Այս անգամ վթարը եղել է Տուլայի շրջանում: Հայաստանից ուղևորված միկրոավտոբուսը բախվել է «Կամազ» բեռնատար մեքենային: Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, իսկ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ»-ը ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտի տեսչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից պարզել է, որ ուղևորափոխադրումն իրականացվել է ոչ կանոնավոր, միկրոավտոբուսը պատկանել է ընդամենը օրեր առաջ հիմնադրված, Քոչար տուր» ՍՊԸ-ին: Սակայն նախարարության պաշտոնյային ՍՊԸ-ից հայտնել են, որ ուղևորափոխադրումն իրենք չեն իրականացրել, այլ մեքենան ժամանակավոր օգտագործման են տվել ուրիշին: Նկատենք, որ նման միջադեպերը սկսել են պարբերական բնույթ կրել: Բանն այն է, որ վարորդներն ավելի քան 20-24 ժամ ճանապարհ են անցնում (շատ հաճախ՝ անքուն) և վթարները նրանց հոգնածության, երբեմն նաև մեքենայի անսարքության հետևանքով են լինում: Ու ժամանակն է, որ պետությունը այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցնի, «հետվիրահատական» միջամտություններն այլևս անիմաստ են:
