Կոլաժներ՝ Ջավախյանի Վերնիսաժից

Այս կարճ կյանքում մարդուս հասնում է դառնության մի բաժին, ուրախության էլ` մի բաժին: Տղամարդու նման ես իմ բաժին տանջանքը կերել եմ: Ոչ ոքի չեմ խնդրել՝ թեկուզ մի պատառ, թեկուզ մի գդալ վերցնել տանջանքի իմ բաժնից: Հրանտ Մաթեւոսյան Դառնության քո բաժնի մասին, Լեւոն ջան, չեմ կարող որեւէ բան ասել. դա դու կիմանաս, որ դառն ու լեղին մի հնարով քաղցրացրած ու քո ներսդին արած՝ ապրում ես: Ու արարում: Ա՜յ, ուրախության քո բաժնի մասին կարող եմ ինչ-որ բաներ ասել, բայց չեմ ասի. հրեն՝ դու ասում ես, էլի: Ես ուրախության մեր բաժնի մասին կարող եմ ասել ու կասեմ. դա քո վերնիսաժն է, որով երբեմն ապրում ենք նաեւ մենք՝ այցելուներս: Բայց քո էդ վերնիսաժը հենց նոր չի սկսվել ու Բուզանդ-Արամ փողոցների էս միջնատարածքից չի սկսվել ու բնավ էլ այնտեղ չի ավարտվում: Քո վերնիսաժն ավելի լայնարձակ տիրույթ է ընդգրկում, որ չքնաղ Լոռվա բարձրիկ սարերից ու խորունկ ձորերից է սկսվել ու վաղուց է սկսվել, երբ քո մերը քեզ բերեց լույս աշխարհ, ու հիմա էլ դեռ շարունակվում է քո վերնիսաժը Բուզանդ-Արամ փողոցների էս միջնատարածքում ու չի ավարտվում: Ու չի էլ ավարտվելու... Քո վերնիսաժը լիուլի հագեցած է ջավախյանական պատկերներով. կտավներ՝ Լոռվա գունագեղ երանգներով վրձնած: Բա էտենց չի՞, ժողովուրդ: Բա էտենց ա´, բա ի՞նչ ա: Որովհետեւ նրան Լեւոն Ջավախյան կասեն... Որովհետեւ կարդում ես, ուրեմն, ինքն ասում ա՝ սելով շաշ, ես ասեմ՝ վագոնով շեն էս Լեւոնի՝ Վարպետի աղամանի մի պտղունց աղից համուհոտով լիացած գիրն ու, հանց Մեծն Թումանյանը կասեր՝ միտդ են ընկնում երջանիկ օրեր, առաջդ են գալիս սիրելի դեմքեր, որ հիմի չկան... բայց մութ այրերից մամռուտ ժայռերի, թավուտ ծմակի լռին խորքերից, բոլորն ահա´, նորից կենդանի ելնում են աշխույժ վաղորդյան մութից, ու թարմ, ցողապատ լեռների լանջում... հովիվն է կանչում ու խաղեր ասում... Ու մեկեն դեմդ հառնում են Լոռվա կապույտ երկինքը, խորը ձորերը, բարձր սարերը, զմրուխտ դաշտերը, գիժ Դեբեդը, դեմքդ շոյում են շնկշնկան հովերն, ու ականջիդ են կպնում գլգլան աղբյուրների ջրի քչքչոցը, երբեմնի թավշոտ լանջերի անտառների սոսափյունն ու խիտ ծմակների ծառերի սվսվոցը, որ հրաշք հայուհի, հմայքի թագուհի Հասմիկ Պապյանի շրթամբ աշխարհին ընծա երգ են դարձել հիրավի... Հա՜, Լեւոն ջան, քանի որ՝ ոնց ասում ես՝ կյանքն ինքնըստինքյան սուտ է, դու էլ քո սուտն ես հնարել, բայց ես էլ կասեմ, որ քո հնարած էդ սուտն ավելի ճիշտ ու ճշմարիտ է, քան ճշտի ու ճշմարտության հավակնություն ունեցող շատ այլ բաներ: Ուրեմն թո´ղ Աստծու չխնայած ու տված լոռեցու խոսքը, որ իրավ Աստվածային մի գանձ է, որ ո՛չ նեխում է, ո´չ հնանում, ո´չ սպառվում, ո´չ էլ կորչում, էդ խոսքդ թո´ղ շարունակ գլգլա աղբյուրների պես պարզ ու զուլալ, թեւածի կապույտ լեռների թավշոտ լանջերին, բարձր սարերից էլ բարձր, մտնի խորը ձորերն ու դուրս ելնի, ու հետո էլի´ սավառնի գիժ Դեբեդի, խիտ ծմակների, նախշուն բլուրների, պղնձագույն ժայռերի, ծաղկուն հովիտների վրա… Եվ շնորհիվ բնության գերբնական միստիկայի՝ գտնողն հաստատ կգտնի ու լույս կստանա... Քու մերը, որ անգրագետ կնիկ չէր ու թերթ էլ էր կարդում, գիրք էլ էր կարդում, ռադիո էլ էր լսում ու հլա դեռ քու գրածներն էլ էր կարդում ու մին-մին էլ թունդ պախարակում, թե դու մեն-մեն պետռ-պետռ անամոթ բաներ ես գրում, ու ամոթանք տալիս, թե բա քեզ սազում ա՞, որդի, բա Թումանյանը թենց էր գրո՞ւմ… Բայց դու լսեցի՞ր: Չգիտեմ: Սակայն եւ, ուրեմն, քու մերն էլ գիտեր, որ էս երգիրը գողի, բոզի աշխարհ ա, ու քանի չէր մոռանում, էն էլ էր քեզ ասում, թե՝ Լեւան ջան, որդի, դու էդ մասին՝ գողուբոզի աշխարհի մասին, ըստի-ընդի շատ մի ասա, շատ մի խոսա, մի գրի, ախր մին էլ տեհար՝ մի մութ տեղ գախտումդ տվին ու… Բայց դու ոնց որ թե վախում չես, ասում ես, խոսում ես, գրում ես, ու դրուստը, ըսկի էլ վախում չես, թե մի մութ տեղ գախտումդ կտան ու… Լեւան ջան, մերդ ճիշտ էր ասում. աշխարհը ե՞րբ ա արդար եղել, որ հմի արդար լինի... Բայց դու էլ քու արդար մոր պես հվատըմ ես, որ Աստված հլբաթ բարեգութ ա, ժողովրդին մի ճար կանի, հա՞... Իսկ հիշո՞ւմ ես էն ծերունուն, որ մի օր մի մեծավորի երեսին նետեց «արդարության» նորօրյա բանաձեւումը՝ հենց իսկ ըստ մեծավորաց վարքուբարքի. «Մի բոզի չես խնայում՝ մի քանի րոպեի հմա 100-200 դոլար ես տալի, համա որ հինգ տարի մեզ անխնա շինիլ տիս՝ 5000 մանեթին փող ես ասում, հա՞…», ահավասիկ ներկայիս համընդհանուր ճարպակալումի ճշգրիտ ախտորոշումը՝ հնչած շրթամբ իմաստության: Էս էլ քեզ արդարությունը: Բայց դե, ախր, քո պատումները, ամեն մի պատումն էլ մին-մին հրաշալի կտորներ են, մին-մին հյութալի պատառներ: Ու թեեւ դրանք ասես թե մասնավոր բաներ են, բայց որքա՜ն ընդհանրական են: Հա՜, իսկը քո ձեռքն է, քո գրիչը, ու դու ինքդ ես, քո նման ես, քո կերպի մեջ ես միշտ ու մշտապես... Ասենք՝ մենակ ես չեմ, որ պնդում եմ, թե գիրդ աննման է, անսահման հուզիչ ու նաեւ ապրեցնող... Էդ մասին էլի շատերն են ասում: Զորօրինակ՝ է´լ ակադեմիկոս, է´լ գրչընկեր, է´լ… Իսկ էն հրաշք հայուհի, էն հմայքի թագուհի Հասմիկ Պապյանը, նա, որ Լոռվա շնկշնկան հովերի, գլգլան աղբյուրների խոխոջի, պաղ ջրիկների քչքչոցի, թավիշ լանջերի անտառների սոսափյունի ու խիտ ծմակների ծառերի սվսվոցի երգերն է աշխարհին ընծա դարձրել, նա, ուրեմն՝ շնորհակալությամբ ու խոնարհումով ասում է, որ դու տեղով շնորհակալության ու խոնարհումի ես արժանի, զի կարող ես, ընդունակ ես մարդու սիրտ ու հոգի տակնուվրա անել... Կեցցե՜ս... Մի տեղ, օրինակ, իբր թե թակարդ ես լարում. ասում ես՝ ռուսերենի ուսուցիչ (թե՞ ուսուցչուհի) ուզեցիր (ուսուցչուհի ուզած կլինես, հա՜), որ ռուսերեն սովորե՞ս: Ասա՝ ռուսերեն սովորելն ինչի՞դ էր պետք, չգիտեի՞ր որ էնա հայերենն էլ ես մոռանալու: Է՜հ, հիմա էլ, որ մի լեզվով ես խոսում, որով միայն դու ես խոսում ու էդ լեզվով էլ գրում ես ու միայն դու ես գրում… ոնց ասում ես՝ ամբախ-զամբախ բաներ, ու դրա համար էլ իբր շնորհից զրկվում ես օր օրի, դրանով մե՞զ ես թակարդ գցում, թե՞ դու էդ թակարդից պրծում չունես: Իբր թակարդ լարող մեծ վարպետ ես, հա՞: Դու ի՞նչ թակարդ լարող, դու ինքդ թակարդի մեջ ես, Լեւոն ջան, զի քո գիրն էլ ուրիշ գրեն է: Բա՜... Ու գիտե՞ս, թե դա ինչու է այդպես: Որովհետեւ քեզ իրոք կռունկները չեն բերել, ոչ էլ կաղամբի մարգերից են քեզ գտել: Քեզ քո արդար ու բարի, գթառատ մայրն է բերել: Նրա փեշից բռնած էլ քայլել ես սովորել, ոտք դրել մեծ աշխարհ: Էդ մեծ ու մութ աշխարհում, հրեն, արդեն կլինի 67 տարի՝ կյանք ես մաշում: Ու ամեն անգամ, երբ ուզում ես առաջ գնալ, էլի մի բան խանգարում է: Մտիկ ես տալիս, որ տեսնես՝ ինչ խանգարող բան կա, էնտեղ ինչ ես կորցրել, կամ ով է քեզ կանչում… Ու էտենց էլ մնում ես վիզդ ծուռ: Բան չկա. դու ո´չ առաջինն ես, ո´չ էլ վերջինը, որ ծուռվիզ է ապրում... բայց իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան: Ճիշտ այնպես, ինչպես Վանոն կասեր, ականջը կանչի, հա՜, ով ինքը ցավից երկու տակ եղավ, սակայն եւ հուսահատության քարե արձան չդարձավ... Ահավասիկ, հիրավի ճշմարիտ մի այլ պատկեր. «Խղճի նկարն» ես անում իսկը լուսանկարչական ճշգրտությամբ՝ հերթական կտավը վրձնելով, ու դեռ տակն էլ գրում. «Խիղճը բեռ ա, բե՛ռ…»: Բա բեռ ա, բա ի՞նչ ա, բա չգիտեի՞ր, որ ում ուսին էլ դնես՝ չի տանի: Չի էլ տանելու: Ու չեն տանելու: Գիտեիր, դրա համար էլ տառերի տես-քով՝ ադամանդափայլ ճաճանչներով ու ոսկեշող լուսատտիկների հանգույն գցեցիր թղթի վրա, շաղ տվեցիր ու տեսար, համոզվեցիր, որ թուղթը տարավ: Ու դրանից հետո էլ թուղթը քո ձեռքը կրակն ընկավ, քո ձեռքից պրծում չունեցավ… Ի դեպ, քո պես էլի շատերն են, որ անընդհատ դեպի մանկություն են գնում, որովհետեւ այնտեղ անկրկնելի պատկերներ կան: Հապա տե՜ս, ծանո՞թ է քեզ. Էն, որ անէությանդ մեջ դեռ հիմա էլ պեծ-պեծին է տալիս էն լույսումութ աշխարհը: Ու հիշողություններդ էլ տարվա եղանակների պես, արագընթաց օրերի նման «հերթով գալիս՝ անց են կենում» ու հերթով էլ... կախվում անդունդի պռունկից, բայց դու գնում ես... դու չես կարող չգնալ դեպի խորքն անհիշելի տարածքների, մինչեւ որ դեմ ես առնում պատին: Ու անցնում ես պատի միջով: Հա´, հա՛, դու անցնում ես պատի միջով, որովհետեւ քեզ միայն թվում է, պարզապես թվում, թե էդպես էլ պատի միջով անցնել չկարողացար: Ու պատկերներն ամբողջանում են, որովհետեւ իրապես ու հաստատապես մանկությունից անդին պատ է, եւ, հավանաբար, մահվանից անդին էլ պիտի որ էլի պատ լինի: Իսկ կյանքն իրոք միայն թակարդում է... պանրի պես: Ու մենք ամենքս էլ թակարդում ենք... Ձմեռ օրվա վերնիսաժում սառած տոլմի պես տնկված՝ արեւով հյուսված երազներով երգում ես. «Առաւոտ լուսոյ, արեգակն արդար»… ու նայում ես երկնքի կապույտին, պայծառ արեգակին, որի մեջը մի կաթիլ ջերմություն անգամ չկա: Ու դրանից էլ ամաչելով, որ դու երգում ես, իրեն գովերգում, իսկ իր մեջն իսկի մի կաթիլ ջերմություն էլ չկա, արեգակը գողեգող սողում է հորիզոնի վրայով: Ինչ-որ տեղ տեսնում ես, ու միայն դու ես տեսնում, թե շիկնած Տիրամայրն ինչպե՜ս է անհաղորդ հայում իր Մանուկին եւ ջերմ գուրգուրանքի փոխարեն ընդամենը պաղ լույս առաքում: Թե որտե՞ղ ես տեսնում, որ ծառերը նորահարսի պես պճնվել են, միայն դու գիտես: Ու թե ինչու են ծառերը պճնվել, երբ լճերում, գետերում, առվակներում ջրերը սառել են, երբ փողոցները մերկասառույցով են պատվել, երբ տանիքների քիվերից սուր-սուր սառցե լուլաներ են կախ ընկել արեգակի առաջին իսկ տաք ճառագայթներից՝ պատրաստ խոցելու մարդկանց: Եվ հիրավի´, աշխարհը սառցե ճիրաններով գնդված արձան է դարձել, շարժումը՝ կանգ առել: Ու մութն էլ վրա է հասնում ակնթարթորեն: Ոնց որ գլխավերեւի ջահը մեկեն մարեն... Վե´րջ, սա հրա´շք է, հրա՛շք… Մի՞թե հրաշք չէ, երբ ձմռան այգում զբոսնում ես ինքդ քեզ հետ. ձյունը՝ փափուկ, մտքերդ՝ կոշտ, գլխիդ մեջ՝ ձեներ, հանց խրաբա ջաղաց՝ մաղում է, մաղում: Ու թեեւ ողջ կյանքդ բռի մեջ ապրեցիր ու հիմա էլ ելք ես փնտրում՝ ծվատվելով ճաղաշար վանդակում, բայց շատ մի փիքր արա. քո էդ գլխով դու աշխարհի հարցերին կդիմանաս, որովհետեւ դու քո գիրը, որ իրոք ուրիշ գրեն է, թղթին ես հանձնում, որ ագռավներին կեր չդառնա, որ շանուգիլու փայ չդառնա, որ տողաշարերդ ընթերցողին բաժին հասնեն, որ գիրդ մնա հիշատակող: Եվ անգամ կույր աշուղի պես չոլերն ընկած էլ՝ լաբիրինթոսից դուրս ելնելու հնարը կգտնես, որովհետեւ, ինչպես միշտ՝ շնողնեցի Լեւոնն ես՝ հենց իսկ քեզ նման. բնության մեջ, բնության հետ, բնությանը միաձույլ, քո ինքնատիպ գրի յուրօրինակությամբ դեպի քո Մեծ երազն ընթացող, որ հենց իսկ՝ ապրելու մասին է: Անգամ ցուրտ ձմռան գրկում տաք երազներ փայփայելով՝ սառած ոտքերդ գետնից կպոկես ու կթռչես: Հենց իսկ՝ ապրելու համար: Քանդում ես, քանդում ու ավիրում... ամբողջական ներաշխարհներ... սիրտ ու հոգի տակնուվրա անում: Հեքիաթիդ կանաչ դաշտում մի տղա է խաղում, որ ապրում է ու ապրեցնում: Ու թեեւ ժամանակն ավազի նման սորում է մատներիդ արանքով (միշտ էլ սորացել է ու միշտ էլ սորալու է), ու միշտ չէ, որ քեզ հաջողվում է (հաջողվել է, հաջողվելու է) կյանքը բռնել (իսկ էդ ո՞ւմ է հաջողվում կամ հաջողվել ու հաջողվելու ո՜ր), միեւնույն է, լիարժեք ապրելու համար, այնուամենայնիվ, փոքրիկ հեքիաթներն էլ բավարար են: Ապրել է պետք հենց հեքիաթների աշխարհում: Քո ամենամեծ հորինվածքը՝ քո կյանքն էլ հեքիաթ է, իրական հեքիաթ, ամբողջական հեքիաթային իրականություն: Ու թե վաղը նրանից մի բան մնա, էլի հեքիաթն է մնալու, միայն հեքիաթը, որ եղել է, կա ու կլինի (լինելու է հաստա´տ) ու էլի´... կլինի: Լինելու է, հանց անցյալում, նմանապես եւ ապագայում, որովհետեւ հեքիաթը սուտ չէ: Ու հոգ մի արա, բռունցքդ էլ կբացվի... մի օր կբացվի: Երեւի թե կբացվի: Պիտի´ բացվի... Որովհետեւ համընդհանուր կարծիք կա նաեւ, որ մեր ու քո ցավի ձեռ-քից բռնած՝ տանում ես... տանում քո եդնուցը... ու էդ մի օրը մեր բռունցքներն էլ կբացվեն: Երեւի թե կբացվեն: Պիտի´ բացվեն... Վա՜յ, Լեւո´ն: Վայթե հենց դա է պայքարը (բայց ո՛չ պայքար, պայքար... մինչեւ էս վերջերս): Զինվորագրվեմ պայքարիդ եւ զի վաղուց քո հետ եմ, հետդ գամ՝ ինձ էլ տար կռիվ... երգը շուրթերիս: Քո ամենեքյան աջակցությամբ՝ Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am