Այնպես է քանդել երկիրը, որ ապագայի լինել-չլինելու հարցում պետք է համոզել հանրությանը

«Փաստ» օրաթերթը գրում է


Հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու երկրի ապագայի համար։ Եվ ընտրական գործընթացի իրողությունն ինքնին վկայում է այն մասին, որ իշխանությունները ևս ստիպված են ընդունել, որ իրենք ձախողել են երկրի կառավարումը։ Նախ` հաշվի առնենք, որ եթե Փաշինյանը հնարավորություն ունենար իր իշխանությունը երկարաձգել, ապա առանց երկար-բարակ մտածելու կհրաժարվեր ընտրությունների գաղափարից։ Պատահական չէ, որ դեռ այս տարվա սկզբին իշխող շրջանակներում հենց այդպիսի տրամադրություններ էին տիրում, իսկ Փաշինյանն իր հայտարարություններում ակնարկում էր, որ կկարողանա վերականգնել իր կորցրած վարկանիշը։

Այսինքն, իշխանությունների մեջ տիրապետող էր այն մտայնությունը, թե ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Թերևս Փաշինյանը հույսեր էր տածում, թե իրեն հաջողվելու է մոռացնել կապիտուլ յացիան, հազարավոր զոհերը, ահռելի տարածքային կորուստները, հընթացս ձև տալ, թե իրականություն է դարձնում անցած տարվա նոյեմբերին իր կողմից հրապարակված վեցամսյա ճանապարհային քարտեզի կետերը, իսկ հունիսին արդեն հիմնավորել, թե իբր իրենք ի վիճակի են երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից, և արտահերթ ընտրությունների կարիք չկա։ Հենց այս տրամաբանությունից էր բխում, որ այս տարվա փետրվարին «Իմ քայլի» ներկայացուցիչները, հանդիպելով Փաշինյանին, արձանագրել էին, թե իբր «հասարակության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։ Բայց շատ չանցած՝ մարտի կեսերին, իրավիճակը անսպասելիորեն փոխվեց, և հանկարծ Փաշինյանը ոչ միայն կողմ արտահայտվեց արտահերթ ընտրությունների անցկացմանը, այլև միանգամից կոնկրետ օր հրապարակեց։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ իշխանությունները կտրուկ շրջադարձ կատարեցին իրենց մոտեցումներում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանն էլ գիտակցեց, որ հանրությանն այդ աստիճան խաբել չի լինի (նույնիսկ իր դեպքում), իսկ ճանապարհային քարտեզում իր կողմից նշված կետերից և ոչ մեկն ի վիճակի չէ իրականություն դարձնել։ Մյուս կողմից՝ ակնհայտ էր ընդդիմության հուժկու ճնշումը: Բայց ճանապարհային քարտեզը՝ դեռ մի կողմ. Փաշինյանը չի կատարել հանրությանը հրապարակայնորեն խոստացած իր հիմնական խոստումներից և ոչ մեկը։ Եկեք հիշենք, թե 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի ժամանակ իր ունեցած ելույթում ինչպիսի հավակնոտ խոստումներ էր հնչեցնում Փաշինյանը։

Նա հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնելու են 5 մլն-ի, սակայն այսօր երկրի բնակչության թիվը նվազում է, մանավանդ պատերազմից հետո հուսահատության ճիրաններում հայտնված բազմաթիվ քաղաքացիներ բռնել են արտագաղթի ճանապարհը։ Իսկ տնտեսության մասով Փաշինյանը նշում էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանը արդյունաբերական երկիր են դարձնելու, երկրի ՀՆԱ-ն 15-ապատկելու են, 1 միլիոն 500 հազար աշխատատեղ են ստեղծելու, միջին աշխատավարձը 7-ապատկելու են, սակայն մենք այսօր գործ ունենք ճգնաժամի հորձանուտում գտնվող դեպրեսիվ տնտեսական վիճակի հետ։ Հիմա արդեն տարօրինակ է հնչում, բայց Փաշինյանը իր նույն ելույթում հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը բանակի մարտունակության ցուցանիշով տեղ ենք զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։ Այնինչ իշխանությունները այս երեք տարվա ընթացքում բանակում բարեփոխումներ իրականացնելու անվան տակ իրենց հախուռն ու հակասական քայլերով թուլացրեցին, ավելին՝ կոտրեցին բանակի ողնաշարը՝ պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջին տեղում դնելով լոյալությունը, իսկ բովանդակության փոխարեն՝ փիառը։

Արդյունքում մենք ոչ միայն խայտառակ պարտություն կրեցինք, այլև հակառակորդը ներխուժել է մեր տարածք և հրաժարվում է հեռանալ, իսկ Հայաստանն ի վիճակի չէ արժանի հակահարված տալ թշնամուն։ Իհարկե, կարելի է ասել, որ մարդը խոսել է 2050 թվականի մասին, իսկ մինչ այդ 29 տարի կա: Միանգամայն իրավացի եք: Դեռ այն ժամանակ բոլոր գիտակից մարդիկ նշում էին, որ Փաշինյանը փիառային հերթական փուչիկն է փչում, քանզի, ինչպես ժողովուրդն է նշում, մինչև 2050 թվականը «ով սաղ, ով մեռած»: Այդուամենայնիվ, հարկավոր է արձանագրել, որ անցած ժամանակաշրջանում ոչ միայն առաջին քայլեր չեն արվել այդ ուղղությամբ, այլև Փաշինյանն ու իր խմբակը ամեն ինչ արել են լրիվ հակառակ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Արցախի մասով Փաշինյանի խոստումներին, ապա դրանք լրիվ պատուհաս դարձան մեր ժողովրդի գլխին։ Նա խրոխտ կերպով հավաստիացնում էր, թե «Արցախը Հայաստան է ու վերջ», ու հենց նաև դրանով պատերազմ հրահրեց ու մեր երկիրն ու ժողովրդին տարավ ծանրագույն պարտության։ Այսօր արդեն Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավոր չէ, այլև բացառապես Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» ու ջանքերով նույնիսկ իր անվտանգության երաշխավոր չէ: Փաշինյանի ամենաառանցքային խոստումներից մեկն էլ վերաբերում էր նրան, որ Արցախին բանակցային սեղան է վերադարձնելու։

Դեռ ավելին, 2020 թվականի փետրվարին նա առաջ քաշեց 6 կետից բաղկացած, այսպես կոչված, «Մյունխենյան սկզբունքները», որում ընդգծում էր, թե Արցախը բանակցային կողմ է, ԼՂ հարցը չունի ռազմական լուծում և հիմնախնդրի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց պատերազմի արդյունքում իր այս հայտարարությունից մնաց միայն այն, որ ունենք Արցախի հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որն ընդունելի է միայն Ադրբեջանի համար։ Փաստորեն, Փաշինյանի բոլոր խոստումներն ու ծրագրերը մնացել են օդում կախված, իսկ առկա իրավիճակը բարելավելու փոխարեն ավելի է վատթարացել։ Հիշենք, թե ինչպիսի արդյունքներով Փաշինյանը ստանձնեց իշխանությունը, և ինչ ունենք հիմա։ Մի խոսքով, այդ մարդուն «հանճարեղաբար» հաջողվեց 30 տարվա ստեղծածը երեք տարում ոչնչացնել:

Ու այսքանից հետո էլ Փաշինյանը դեռ համարձակվում է մտնել նախընտրական քարոզարշավի գործընթացի մեջ ու «ապագա կա» կարգախոսի ներքո խոստումներ շռայլել։ Մի՞թե Փաշինյանը մտածում է, թե պոպուլիզմի միջոցով կարող է այս անգամ ևս հիմարեցնել հանրությանը։ Իսկ իրականությունն այն է, որ մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը, այսինքն՝ ուղեղ ունեցողները, վստահ են, որ Հայաստանն ու Արցախն իրոք ապագա ունեն, բայց միայն ոչ Նիկոլ Փաշինյանի ու նիկոլիզմի հետ։ Սակայն ոչ պակաս բնութագրական է, որ ապագայի գոյությունն ինքնին կասկածի տակ է դնում հենց գործող իշխանությունը: Նախկինում երբեք հարց չի առաջացել՝ ապագա կա՞, թե՞ ոչ: Հիմա Նիկոլն այնպես է քանդել երկիրը, որ ապագայի լինել-չլինելու հարցում պետք է համոզի հանրությանը:

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար․ «Փաստ» Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանին Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am