Լավ հյուրանոցներում 100-200 հազար դրամի սահմաններում կարելի է սենյակ գտնել.Հակոբ Հակոբյան
«Ունենք ներգնա տուրիզմի զգալի աճ` տարվա 2-րդ եռամսյակի արդյունքներով` մոտ 25 տոկոսի աճ: Ունենք նոր հյուրանոցներ, ինչպես նաեւ` միջազգային բրենդային հյուրանոցներ կառուցվեցին մայրաքաղաքում ու դրանից դուրս։ Զբոսաշրջիկներին առաջարկվող ծառայություններն ընդլայնվում են։ Մատչելի են դառնում ավիատոմսերը։ Բացի եկեղեցիներ ու մշակութային հինավուրց վայրեր այցելելուց բացի, զբոսաշրջիկներին առաջարկվում եւ նաեւ` նրանք նախընտրում են արկածային, գյուղական տուրիզմը։ Հին Երեւան ասվածը, ցավոք, դեռ չկա. 15 տարի այդ ծրագիրը կա, սակայն տեղից չի շարժվում։ Երեւանը գեղեցիկ քաղաք է, ու զբոսաշրջիկները հավանում են այն։ Մայրաքաղաքում զբոսաշրջիկներն այցելում են մեր երեկոյան ակումբները, վայելում ուտեստները»,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահ Հակոբ Հակոբյանը: Հարցին,թե ո՞ր երկրներից են այցելում Հայաստան, Հակոբյանը նշեց. «Առաջատարը ՌԴ-ն է, նախկին սովետական երկրները նույնպես: Իրանից հոսքը ևս մեծ է: Ֆիլիպիններից այցելողների քանակը ևս քիչ չէ: Այս խումբը հիմնականում այն մարդիկ են, որոնք Էմիրատներում են աշխատում և պետք է որոշ ժամանակը մեկ դուրս գան ու կրկին վերադառնան այնտեղ: Հայաստանն իրենց համար շատ հարմար երկիր է»: Ինչ վերաբերում է հյուրանոցների գներին, ապա Հակոբյանը նշեց, որ դրանք շատ հարմար են, քանի որ 5-7 հազար դրամից սկսած սենյակներ կարելի է գտնել: «Լավ հյուրանոցներում 100-200 հազար դրամի սահմաններում կարելի է սենյակ գտնել: Բարձր սեզոնի ժամանակ միջազգային ստանդարտներով սա ընդունելի գին է», - հավելեց նա:
