Բեքչյանը հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով այս օրերին գտնվում է Գերմանիայում, ասել է,որ հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ: «Ստամբուլ վերադառնալուն պես ակնկալում եմ, որ Արամ սրբազանն ինձ ներկայացնի գրավոր հրաժարականի դիմումը: Հրաժարականի մասին հայտարարությունը մամուլի միջոցով կտարածենք մեր համայնքի անդամներին»,- հայտնել է Բեքչյանը: « Ստամբուլ վերադառնալուց հետո առաջին գործս լինելու է Հոգևոր խորհուրդ գումարելը: Խորհրդի նիստից հետո կհանդիպենք Ստամբուլի նահանգապետարանի հետ ու նրանց կհայտնենք մեր որոշումները: Դրանից հետո մեկ այլ ժողով կգումարենք Նախաձեռնող մարմին կազմելու համար»,- ասել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահը: Պատրիարքական ընտրությունների գործընթացի առնչությամբ խոսել է նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա տեղեկացրել է, որ եթե Բեքչյանի վերառանալու ժամանակ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարականի դիմում չներկայացնի, ապա հոգևոր խորհուրդը նրան այդ պաշտոնից ազատելու մասին որոշում կարող է կայացնել: «Արամ սրբազանի հրաժարականից հետո պաշտոնապես պարիարքի ընտրության գործընթացը կարելի է մեկնարկած համարել: Եթե Բեքչյանի գալուց հետո Աթեշյանը հրաժարական չներկայացնի, ապա Հոգևոր խորհուրդը կարող է նրան հեռացնել այդ պաշտոնից: Քանի որ այդ խորհուրդն է նրան կարգել պատրիարքական փոխանորդ, ապա խորհուրդն էլ իրավունք ունի նրան հեռացնել այդ պաշտոնից: Սակայն չեմ կարծում, որ նման սցենարներ լինեն»,- ասել է Մաշալյանը:
