Ալիևն ինչ ուզում է Փաշինյանից՝ առանց բանակցության էլ կստանա

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում բանակցություններից հետո:

«Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար իրականացումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Եվրամիությունը պատրաստ է փորձաքննական գիտելիքներ տրամադրել սահմանների սահմանագծման և սահմանազատման ոլորտում և աջակցել վստահության ամրապնդմանը», - ասվում է հաղորդագրությունում:

Միշելը կոչ է արել «երկու կողմերին շտապ համագործակցել ռազմագերիների և կալանավորվածների վերադարձի հարցում և ականադաշտերի ու այլ կարևոր հումանիտար հարցերում ապահովել լիարժեք թափանցիկություն»: «Եվրամիությունը տրամադրում է գրեթե 20 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կշարունակի մասնակցել դրան», - ասվում է հաղորդագրության մեջ: - «Սակայն այս հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է դեպի կայուն խաղաղ կարգավորում: Նախագահը երկու կողմերին կոչ արել վերսկսել բանակցությունները կառուցողական ոգով»: Շառլ Միշելն «ընդգծել է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման կարևորությունը Եվրամիության համար և երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումը»: «Եվրամիությունը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մեջ, որպես ԵՄ Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս», - ասված է հայտարարությունում:

Ի՞նչն է ուշագրավ: Երեկ Ալիևը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն պաշտոնական Երեւանը առայժմ չի պատասխանել այդ կոչին:
Այսինքն, ԵՄ-ն ակնկալում է բանակցություններ Փաշինյան-Ալիև մակարդակում, սակայն Ալիևը խորամանկորեն ասում է՝ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, բայց դեռ Երեւանից արձագանք չկա: Ասել կուզի՝ էլ ինչ բանակցենք, ամեն ինչ համաձայնագրով կարող ենք ամրագրել, թող Երեւանը պատասխանի, մենք միշտ էլ պատրաստ ենք:

Ի դեպ, նախօրեին Փաշինյանը Փարիզում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ իրադրության հաղթահարման իր ներկայացրած առաջարկը Ֆրանսիայի համար ընդունելի է: Մինչդեռ Բաքուն, ըստ «Ազերթաջ» լրատվական գործակալության հաղորդագրության, անմիջապես նկատել է տալիս, որ Ֆրանսիայի հատուկ դերակատարություն չի ընդունի:

Մայիսի 27-ին Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրել էր Իլհամ Ալիևին հասցեագրված առաջարկ առ այն, որ երկու երկրների զինված ստորաբաժանումները Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի վիճահարույց հատվածներում շփման գծից երկուստեք հետ քաշվեն, և այնտեղ տեղակայվեն Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդներ, ինչը կնվազեցնի լարվածությունը և կընձեռի սահմանային կետերի ճշգրտման հնարավորություն: Իսկ նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, բայց կան անելիքներ, և Ֆրանսիան պատրաստ է օգնել այդ հարցում:

Ադրբեջանն այդ օգնության կարիքը չունի: Անդրադառնալով Փարիզում Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հնչեցրած մեկնաբանություններին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, թե հրադադարը պահպանվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, դրա ռեժիմն ապահովում են Ադրբեջանի տարածում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը: «Մենք Ֆրանսիայի որևէ դեր չենք տեսնում», - ընդգծել է Աբդուլաևան: Խոսնակն անդրադարձել է գերիների հարցին՝ ասելով, թե ադրբեջանական կողմը մշտապես ընդունել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, սակայն այն չի կարող գործել «եռակողմ հայտարարության ընդունումից հետո ներթափանցած դիվերսանտների նկատմամբ»:
Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Բաքուն այդ գործընթացն իրականացնելու կողմնակից է, և այն պետք է կարգավորվի բանակցային եղանակով: Անդրադառնալով կողմերի ուղիղ երկխոսության հնարավորությանը՝ խոսնակ ասել է, թե այն արդեն ընթանում է, 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից և 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը և Ադրբեջանը շփումներ են իրականացնում փոխվարչապետերի մակարդակով, և Ֆրանսիան այդ գործընթացում որևէ դեր չի կատարում: Աբդուլաևան այսօրվա հայտարարությամբ պնդում է, թե ադրբեջանցի զինվորներն «իրենց հարազատ տարածքներում են ծառայում»: «Ափսոսանքով պետք է փաստենք, որ թեպետ Ֆրանսիան 1997-ից ի վեր Մինսկի խմբի համանախագահող է, ֆրանսիական կողմը ոչ մի անգամ հայկական ուժերին չի դիմել Ադրբեջանի գրավյալ տարածքներից հեռանալու կոչով, չնայած դա են պահանջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը», - ասել է խոսնակը:

Սահմանային վեճերը բանակցություններով կարգավորելու վերաբերյալ նա վստահեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է բանակցությունների կողմնակից և արդեն 28 տարի է մասնակցում է այդ գործընթացին. «Տարածաշրջան Ֆրանսիայի վերադարձի մասին հայտարարությունը հասկանալի չէ: Ֆրանսիան համանախագահող երկիր է: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան Հայաստանի հանդեպ ունի հատուկ համակրանք, բայց իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն պարտավոր է պաշտոնապես չեզոք լինել: Հուսով ենք, որ Ֆրանսիան այդ մանդատով կդրսևորի չեզոք և անաչառ դիրքորոշում», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Ֆրանսիային քննադատելու, ԵԱՀԿ ՄԽ-ում կողմնակալ պետություն ներկայացնելու հարցում՝ Բաքուն երբեք ջանքերը չի խնայել: Ամբողջ հարցն այն է, որ հիմա միայն Ֆրանսիան է հանես գալիս հայանպաստ դիրքորոշմամբ, այդ իսկ պատճառով՝ Բաքուն ԵՄ-ին մոլորեցնելու հարցում խորամանկ խաղ է սկսել, հասկացնելով, թե «մենք կարող ենք համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, մի խանգարեք մեզ, ոչ մի բանակցություն»:

Այսինքն, Ալիևն ինչ ուզում է Փաշինյանից՝ կարող է առանց բանակցության էլ ստանալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4070 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am