Պատերազմի վտանգը մի փոքր հետաձգելու համար բանակցային գործընթացը մի փոքր սառեցնել.Արամ Գ.Սարգսյան
«Ներկայումս Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը փակուղու մեջ է, որովհետև այս տարիների ընթացքում միշտ փորձեր են արվել երկու անհամատեղելի սկզբունքն իրար հետ համադրելու, խոսքը տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի մասին է: Այս երկուսն իրար հետ անհնար է համադրել. դա բացառվում է: Բացի այդ՝ Ադրբեջանն այնքան է զինվել, այնքան է իրեն հորդորել, որ կարող է հաղթել, որ պատերազմի վտանգը բավական մեծ է:Հիմնական խնդիրը, որ հիմա պետք է որոշվի, վստահության միջոցների ձևավորումն է, եթե այս միջոցները չեղան, մենք որևէ առաջընթաց այս բանակցություններում չենք ունենալու»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում տեսակետ հայտնեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Պատերազմի վտանգը մի փոքր հետաձգելու և միգուցե նոր հիմք ստեղծելու համար անհրաժեշտ է այդ բանակցային գործընթացը մի փոքր սառեցնել և դրա փոխարեն ձևավորել փորձագիտական խմբերի հավաքածու,-ասաց նա: Արամ Սարգսյանի կարծիքով՝ որպեսզի ադրբեջանցիներին ազատենք իրենց կողմից անընդունելի որոշակի պարտավորություններից, ապա բանակցային գործընթացում պետք է խոսենք միայն պատերազմի հետևանքների վերացման մասին, որովհետև անհնար է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ միավոր:
