Ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ ոլորտի ներկայացուցիչները. Դավիթ Հարությունյանը ԵՄ դեսպանին
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ռեյտինգային ընտրական համակարգի մասին արված քննադատությանը, ասել է, որ Ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները:«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե չէ, դա երկրի ներքին խնդիրն է, և որոշում է այդ հարցը Ազգային ժողովը։ Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, կարծում եմ, դա որոշակի փորձ է՝ մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի, անկախ նրանից՝ դա արվում է բարի՞, թե՞ այլ նպատակներով։ Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, այս հարցը ևս քաղաքական հարց է, և դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի մասնագետները»,- ասել է նա: Հիշեցնենք, այսօր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր. «ԸՕ-ն ամբողջ աշխարհում, այդ թվում` ՀՀ-ում իշխող կուսակցությունը փորձում է ծառայեցնել իր շահերին։ Սակայն աշխարհում ԸՕ-ն չի դառնում բաժանող խնդիր, նույնն էլ կցանկանայի, որ ՀՀ-ում լինի։ Իմ խորհուրդն է` բարելավեք ԸՕ-ն. ինչպես ընտրությունները ցույց տվեցին` այն բարելավելու տեղ ունի։ Հայերի համար կարեւոր է հաստատությունների արժանահավատությունը։ Ընդհանրապես, հայերի համար հատկապես կարեւոր է ԿԸՀ-ն։ Իմ բարձր գնահատականը կա ԿԸՀ հանդեպ, սակայն այն պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքը ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ կազմը պետք է ընդլայնվի ու ներառի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդը` մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնեք արժանահավատ։ Եթե ԿԸՀ-ն ուզում է, որ հանրային կարծիքը վստահի նրան, ապա պետք է ունենա արժանահավատ գործող մարմին»:
