Մինչև չստորագրենք՝ ադրբեջանական բանակը դուրս չի գա Հայաստանից. «թավշյա» ուղերձ

«Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - երեկ կառավարության նիստի սկզբում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այսպիսով՝ ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանական կողմի հետ նախապատրաստվում է նոր փաստաթղթի ստորագրում։
Փաշինյանն այս մասին խոսեց միայն այն բանից հետո, երբ երեկ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր էջում հրապարակեց մասնակիորեն գաղտնազերծված մի փաստաթղթի աշխատանքային տարբերակ, որը նրա բնորոշմամբ Հայաստանի համար աղետալի հետևանք ունի, իսկ ըստ Փաշինյանի՝ 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահերին:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, 100 տոկոսով, ոչ թե 99,9: Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - հայտարարել է Փաշինյանը:

Ուրեմն ՀՀ ԱԳՆ-ն, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում են, որ այդ փաստաթղթի գոյության մասին տեղյակ չեն:
Ավելի ուշ՝ փաստաթղթի բովանդակության մասին փակագծեր բացեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ասաց՝ իր տեղեկություններով, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր: «Ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր: Իմ ունեցած տեղեկությամբ՝ հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց՝ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը», - նշեց Լիլիթ Մակունցը: Նա ասում է՝ իր տեղեկություններով փաստաթղթում ոչինչ չկա Տավուշի մարզի հինգ և Արարատի մարզի մեկ գյուղի Ադրբեջանին հանձնելու կամ փոխանակելու վերաբերյալ։

Տարածելով ստորագրվելիք փաստաթղթի մասնակի գաղտնազերծված հատվածը՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը պնդել էր, թե արտգործնախարարը դեմ է հանդես եկել դրան։ Ուշագրավ է, որ երեկ կառավարության նիստին Արտգործնախարարությունից որևէ ներկայացուցիչ չկար, ինչը Փաշինյանը բացատրեց նրանց զբաղվածությամբ։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանեց, որ արտաքին գերատեսչության պատվիրակությունը Դուշանբեից Երևան վերադառնալու ճանապարհին է: Իսկ փաստաթղթին վերաբերող մյուս բոլոր հարցերին գերատեսչությունից մեկ պատասխան ունեին. «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»: Ավելի ուշ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը Սյունիքում պատասխանելով լրագրողների հարցն, ասաց, որ ինքը ստորագրվելիք փաստաթղթից տեղյակ չէ. «Առավոտվա ժամը 7-ից ճանապարհի մեջ ենք և այդ փաստաթղթից իսկապես կա, թե չկա գաղափար չունեմ: Ասում եմ անկեղծ այն, ինչ որ կա, այսինքն փաստաթղթի մասին հետագա հարցերից կխնդրեի խուսափել»:

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանը մանրամասնեց. «Այդ փաստաթղթում կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով», և «դա միակ փաստաթուղթն է, որը գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ»: «Եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ կոնսենսուս ձևավորելու ճանապարհով ենք գնալո՞ւ, ի վերջո մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորս հայտնի հանգամանքներում և այդ իրադրությունը պետք է կառավարվի: Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ, որ ձևավորել հանձնաժողով եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով: Ասեմ, որ ես կոռեկտ չեմ համարել, որ կառավարությունը, այդ փաստաթուղթը, որը դեռ քննարկման փուլում է հրապարակի, դա շատ վատ և անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է որևէ ընդդիմության կողմից, ասեմ, որ այո, դա այն միակ և եզակ փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ», ասաց Փաշինյանը:

«Ասում են՝ ինչի է վերևը գրված «հավելված», ըստ ամենայնի պետք է լիներ проект, գրած է՝ приложение: Դա անկեղծ ասած տենց մեծ ուշադրության չի արժանացել, որովհետև այդ փաստաթուղթը այնպես չէ, որ բանակցված, համաձայնեցված և ստորագրության դրված փաստաթուղթ է, որ այդ դետալներով մենք քննարկենք», - հավելեց նա: Ընդ որում, Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով:
Փաշինյանը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ևս մեկ անգամ հայտարարեց. «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների»:

Այսինքն, կառավարության նիստի սկզբում Փաշինյանը հայտնեց՝ «թուղթը ստորագրելու եմ», այսպիսով՝ ըստ էության հաստատելով, որ ադրբեջանական կողմի հետ նախապատրաստվում է նոր փաստաթղթի ստորագրում, ապա ասաց, թե ինչ պայմաններում դա կստորագրի:

Սա արդեն թվում է Փաշինյան-Ալիև մեծ խաղ... Ադրբեջանական բանակը գալիս, ներխուժում է մեր երկիր, ու ստացվում է այնպես, որ մեզ սպառնում են՝ ստորագրեք, եթե ուզում եք ադրբեջանական բանակը «հետ նահանջի»: Ինչ-որ պահից կպարզվի, որ Միքայել Մինասյանի ներկայացրած փաստաթուղթը հին էր, դրանից հետո բանակցվել է, որոշ փոփոխությունների է ենթարկվել ու Փաշինյանը, ըստ էության, մինչև խորհրդարանական ընտրությունները կստորագրի երրորդ եռակողմ փաստաթուղթը:

Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ «Իմ քայլն» անմիջապես նշեց, որ ռուսական կողմն է առաջարկել՝ համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր, այսինքն՝ դարձյալ «մեղքը» ռուսական կողմի վրա բարդելու արդեն իսկ հիմքեր են գցվում:

Սակայն, ամենագլխավոր եզրակացությունն այն է, որ ադրբեջանական բանակի ներխուժումը Հայաստանի նկատմամբ շանտաժի մի միջոց է դարձել ու դրանից օգտվում է, ըստ էության՝ Փաշինյանը, հասկացնել տալով, Ադրբեջանի զորքը պետք է դուրս գա մեր երկրից, իսկ որպեսզի դուրս գա՝ պետք է ստորագրել այդ փաստաթուղթը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 18622 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am