Թուրքիայում նավթամուղ է պայթեցվել
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթեցվել է Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան) նավթամուղը։ Դրա հետևանքով կասեցվել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից Թուրքիա այդ խողովակաշարով նավթի մատակարարումները։ Քրդական ինքնավարության ղեկավարությունը դատապարտել է խողովակաշարի պայթեցումը՝ հայտարարելով, որ նման հարձակումները վնաս են պատճառում տարածաշրջանի բնակիչներին։ Բացի այդ, հաղորդվել է, որ նման հարձակումները վնասում են ահաբեկչության դեմ պայքարում քրդական ինքնավարության ուժերի (Փեշմերգա) մղած պայքարին։ Հիշեցնենք, որ նախկինում Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան) նավթամուղը մի քանի տասնյակ անգամ պայթեցվել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից։ Նմանատիպ վերջին դեպքը գրանցվել էր 2015 թվականի հուլիսի վերջին Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում։
