Կոչ են անում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ են արել վերսկսել բանակցությունները սիրիական ընդդիմության ու իշխանության միջև՝ երկրում իրավիճակի կարգավորման համար: «Պետությունների ղեկավարները քննարկել են իրենց տեսակետները՝ փետրվարի 11-ին Մյունխենում ընդունված կոմյունիկեի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 2254 բանաձևի վերաբերյալ։ Նրանք երկուսն էլ կոչ են անում վերսկսել միջսիրիական բանակցությունները»,-ասված է Օլանդի և Էրդողանի հեռախոսազրույցն ամփոփող հաղորդագրության մեջ, որը տարածել է Ելիսեյան պալատը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ֆրանսիայի նախագահը դարձյալ ուշադրություն է հրավիրել Սիրիայում իշխանափոխության քաղաքական անցման անհրաժեշտության վրա։ Նա դարձյալ հայտարարել է, թե չափազանց մտահոգված է Հալեպում իրավիճակի վատթարացման համար։ Օլանդը Թուրքիայի նախագահին ցավակցել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության համար, որին զոհ է գնացել մոտ 30 մարդ։ Երկու նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
