Օրենքի խախտմամբ խոչընդոտվում է փաստաբանի մուտքը դատարան
Այս պահին խոչընդոտվում է փաստաբան Տիգրան Հայրապետյանի մուտքը Վերաքննիչ քրեական դատարան. նա պետք է մասնակցի Կարո Եղնուկյանի կալանքը գրավով փոխարինելու նիստին։ Կարգադրիչները փաստաբանից պահանջում են թույլ տալ խուզարկել պայուսակը։ Դատական նիստն արդեն սկսվել է, դատավորը դահլիճում է, սակայն փաստաբանը չի կարողանում մտնել։ Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ սա անօրինական քայլ է դատական դեպարտամենտի կողմից, որը կարգադրիչներին նման հրահանգ է իջեցրել։ Նրա խոսքով՝ այդպիսի խոչընդոտումը փաստաբանության մասին օրենքի խախտում է։ Փաստն առավել զարմանալի է այն դեպքում, երբ Կարո Եղնուկյանը դատարան չի բերվել, եւ իրենք շփում չէին ունենալու։ Հիշեցնենք, այս խոչընդոտման փաստի մասին այսօր հայտարարություն է տարածել նաև Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ մեջբերում անելով օրենքից Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Հետևաբար՝ Դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել:
