Կոնգրեսականը դատապարտվել է լրագրողի հանդեպ բռնության համար (տեսանյութ)
Ամերիկայի ձայն Մոնտանա նահանգից ընտրված կոնգրեսականը խուսափել է ազատազրկումից այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել ընտրությունների նախօրեին լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Բոսմեն քաղաքի դատավորը դատապարտել է Գրեգ Ջայնֆորտին՝ որպես պատիժ սահմանելով 385 դոլարի տուգանք, 40 ժամ հասարակական աշխատանքներ, ինչպես նաև 20 ժամ զայրույթի վերահսկողության հոգեբանական դասընթացների այցելում: The Guardian-ի լրագրող Բեն Ջեքոբսը հարց էր ուղղում Ջայնֆորտին մայիսի 24-ին հանրապետականների առաջ քաշած առողջապահական նախագծի վերաբերյալ: «Կխոսենք դրա մասին ավելի ուշ»,- լսվում է Ջայնֆորտի ձայնը: «Այո, բայց ժամանակ այլևս չկա: Ինձ հետաքրքրում է… »,- արձագանքում է լրագրողը: «Խոսեք Շեյնի հետ խնդրում եմ»։ «Բայց…» «Ես զզվել եմ ձեզնից արդեն: Վերջին լրագրողը, որ այստեղ էր, անում էր նույն բանը: Հեռացի՛ր այստեղից: Հեռացի՛ր: Վերջին լրագրողը նույն բանն էր անում: Դու Guardian-ի՞ց ես»: «Այո, և դուք նոր կոտրեցիք իմ ակնոցը»։ «Վերջին լրագրողը նույն բանն էր անում, գրողը տանի»: «Դուք իմ նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրեցիք ու կոտրեցիք ակնոցս»։ «Հեռացի՛ր այստեղից»։ Լրագրող Բեն Ջեքոբսն իր հայտարարության մեջ նկարագրել է միջադեպը, սակայն նշել, որ ընդունում է կոնգրեսականի ներողամտությունը: «Համուզված եմ, որ նա կլինի ազատ մամուլի և Սահմանադրության պաշտպան: Հուսամ ի վերջո կկարողանամ հարցազրույց վերցնել նրանից, երբ նա ժամանի Կոնգրես: Մեկ բան կլիներ, եթե այս միջադեպը լիներ միայն իմ և Կոնգրեսի թեկնածուի միջև, սակայն այն հանրայնացվեց ու քաղաքականացվեց»,- հայտարարել է լրագրողը: Ջայնֆորտեն և Ջեքոբսը անցած շաբաթ հասել են համաձայնության, որի արդյունքում կոնգրեսականը գրավոր ներողություն է խնդրել և 50 հազար դոլար նվիրաբերել Լրագրողների պաշտպանության հանձնաժողովին:
