Սպառնալիք կատարող անձն իշխանության հովանու տակ գործող ինչ-որ խմբավորման անդամ է՞
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր դեմ մահվան սպառնալիքից 10 օր անց տուժող է ճանաչվել։ Քրեական գործ հարուցվել է հանցագործության մասին նրա հաղորդումից հետո։ Հունիսի 2-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցը քննադատական գրառում էր կատարել, որի տակ մի օգտատեր կոշտ սպառնալիքներ էր կատարել, որում մասնավորապես ասվում էր՝ «քեզ սպանելու եմ, քո նման «վահան մարտիրոսյանների» գլուխը կտրել է պետք…»: Քրեական գործ է հարուցվել Քր. օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործը կուղարկվի Քննչական կոմիտե։ «Մարդ, որը տիրապետում է զենքին, էնա կասեր կկրակեմ, բայց երբ տալիս է կոնկրետ փամփուշտի նկարագրման տարբերակ, դա նշանակում է՝ ինքն առնվազն զենքի հետ առնչություն ունեցող, տիրապետող մարդ է»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արթուր Սաքունցը: Մեդիակենտրոնում քննարկմանը մասնակցող Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ, ըստ իրեն, տվյալ սպառնալիք կատարող անձն իշխանության հովանու տակ գործող ինչ-որ խմբավորման անդամ է. «Թող ինձ ապացուցեն իշխանությունները, որ տվյալ սպառնալիքը եղել է հորիզոնական հարթության վրա. չեմ հավատում, որ տանը նստած ինչ-որ մեկին դուր չի եկել Սաքունցի գրածները, և նա այնքան պետականամետ է եղել, որ նման սպառնալիքներ է հնչեցրել: Սա հետագայում պաշտոն ստանալու համար լավ գրավական է»:
