Հայաստանը խոսում է փաստերով, իսկ Ադրբեջանը՝ երեւակայական տպավորություններով. ԱԳ նախարար
«Ադրբեջանի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն կենտրոնանալու ինչ-որ բանի վրա եւ դա անընդմեջ կրկնելու՝ ինքնին արժեզրկելով ասածի իմաստը եւ անելով հակառակը: Չէ որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում եւ չի կատարում հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտային շարժել բանակցային գործընթացը եւ փոխել ստատուս քվոն: Ադրբեջանը խոսում է մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին, բայց անում է հակառակը: Կարծես Բաքվի բրենդը լինի ասել մի բան եւ անել հակառակը»,-Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը այն մասին, որ ժամանակն է փոխել ստատուս քվոն: «Հենց Ադրբեջանն էր, որ չպահպանեց Մոսկվայում եռանախագահների ներկայությամբ արտգործնախարարների միջեւ համաձայնեցված մամուլի հաղորդագրության բովանդակությունը հրապարակելու մասին պայմանավորվածությունը:Տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների միջեւ այն է, որ մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք տպավորություններով՝ հիմնված երեւակայությունների վրա»,-ընդգծեց ՀՀ արտգործնախարարը: Անդրադառնալով Բաքվի կողմից մշտապես մեջբերվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք ըստ ադրբեջանական կողմի՝ ընկած են հիմնախնդրի կարգավորման հիմքում՝ նա նշեց, որ դրանք 4-ն են, և հենց Ադրբեջանն է մշտապես հրաժարվել իրականացնել նախորդ ընդունվածները։
