Կանանց ավտոմոբիլային սպորտի ձևավոր վարման մրցաշարում ուժեղագույնը Ռուզան Ստեփանյանն էր
Այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի՝ կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթ 2-րդ փուլը։ Մրցաշարին ներկա էին ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Մրցաշարի ընթացքում իրենց ուժերը չափեցին 11 մարզուհիներ՝ երկու մրցափուլով։ Մրցաշարի արդյունքում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Ռուզան Ստեփանյանը, երկրորդ հորիզոնականը գրավեց Էլեոնորա Սիմոնյանը, իսկ երրորդ տեղը՝ Գոհար Տեր-Անտոնյանը։ Մեր թղթակցի հետ զրույցում Ռուզան Ստեփանյանը նշեց․ «Այս հաղթանակն, անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր, քանի որ ինձ հետ մրցում էին աղջիկներ, ովքեր ղեկին են ավելի քան տասը տարի՝ ի տարբերություն ինձ։ Բայց, փաստորեն ստացվեց այսպես։ Ինձ մարզել է Սերգեյ Արջևանիձեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան․ այս հաղթանակը նաև նրանն է, քանի որ հենց նրա շնորհիվ է, որ ես ավտոսպորտի ոլորտում տիրապետում եմ որոշ հմտությունների ու այսպես ասած՝ գաղտնիքների։ Այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց՝ եթե ինչ-որ բան սիրով ես անում, ապա այն հաղթանակով է պսակվում։ Իմ հաղթանակն ինձ ուժ ու թևեր տվեց, որ ավտոսպորտի բնագավառում առաջ ընթանամ»։
