ԱԻՆ-ում ավելի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավելի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, և դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ: ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի և 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումներով սահմանվել և փոփոխվել է արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության համազգեստի ձևն ու կրման կարգը: Փրկարարական ծառայության ղեկավար Մուշեղ Ղազարյանն, օրինակ, հաճախ է կրում Քաղպաշտպանության վարչության համազգեստն այն դեպքում, երբ օրենքը հստակ սահմանել է փրկարարական ծառայության ենթասպայից մինչև գնդապետի համազգեստի կրման ձևը: Ավելին, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը 2017 թվականի մարտի 29-ի հրամանով սահմանել է այդ ծառայության համազգեստը կրելու կարգը: Համազգեստի խախտման դեպքերն ԱԻՆ-ում նոր թափ է ստանում: Մուշեղ Ղազարյանի օրինակին հետևողները շատանում են, նրա տեղակալները նույնպես սկսել են կրել նման համազգեստ: Նախարարությունը նշված մարդկանց չի տրամադրում քաղպաշտպանության վարչության համազգեստից, այլ նրանք իրենց միջոցներով են ձեռք բերում: Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է կառավարության սահմանած կարգի խախտմամբ համազգեստ կրում: Մեր հարցերին նա պատրաստ էր պատասխանել, սակայն, երբ հարցը լսեց՝ հրաժարվեց դրան պատասխանելուց: Հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեցիք պատասխանել մեր հարցերին, նա ասաց. «Հեռախոսով նման հարցերի չեմ պատասխանում, որ գաս դեմս նստես՝ կպատասխանեմ»: Նշենք, որ սահմանված կարգի խախտմամբ կրած համազգեստով Փրկարարական ծառայության պետը հանդիսավոր կերպով ուղեկցել է վարչապետ Կարեն Կարապետյանին և Դավիթ Տոնոյանին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին և այլ պաշտոնատար անձանց: Նա նույնիսկ աշխատանքայի խորհրդակցության ժամանակ է նախարարի հրամանի խախտմամբ համազգեստ կրել»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
