Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Ախթալայի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Բեժանյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 10 ՕՏ 763 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Շահումյան թաղամասում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, հարվածել է գազատար խողովակին, այնուհետև գլխիվայր գլորվելով՝ հայտնվել գնացքի գծերի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի անիվը անվահեծանով պոկվել է։ Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ քաղաքացիների հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Բեժանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 5-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի



