Ցուցարարները հրկիզել են Գերագույն դատարանի շենքը
ТАСС-ը փոխանցում է,որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բողոքի ակցիայի մասնակիցները դյուրավառ խառնուրդով շշեր և ճայթրուկներ են նետել Գերագույն դատարանի (Չակաո շրջան) շենքի վրա: Տարածված տեսագրություններում երևում է, որ շենքի առաջին հարկը բոցավառվում է, այնտեղից բարձրանում է սև ծխի խիտ սյուն։ AFP գործակալության տվյալներով՝ հարձակման է ենթարկվել նաև բանկերից մեկի բաժանմունքը, որը գտնվել է շենքի առաջին հարկում։ Անվտանգության ուժերին հաջողվել է արցունքաբեր գազի օգնությամբ ցրել ցուցարարներին, հրշեջները մարել են կրակը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Գերագույն դատարանը դարձել էր ընդդիմության դեմ պայքարում նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավոր գործիքներից մեկը։
