ՔԿՎ-ն՝ «Սասնա ծռեր»-ի անդամի առողջական վիճակի մասին
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վարդան Գերավետյանի փաստաբանը զանգվածային լրատվության միջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Վ. Գերավետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, և վերջինս շտապ կարգով լրացուցիչ հետազոտման կարիք ունի: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Վ. Գերավետյանը 02.06.2017թ. զննվել է ներզատաբանի կողմից, տրվել է համապատասխան ախտորոշում, ինչից հետո բուժման տակտիկան որոշելու նպատակով ցուցվել է կատարել հորմոնալ հետազոտություններ և վիրաբույժ-ներզատաբանի խորհրդատվություն: 08.06.2017թ. Քրեակատարողական ծառայությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` կալանավորված անձ Վարդան Գերավետյանի հետազոտությունները և խորհրդատվությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է Վ. Գերավետյանի` քրեակատարողական հիմնարկում նաև ատամների հետ կապված խնդիրներ ունենալուն, ապա նշենք, որ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում վերջինիս պարբերաբար տրամադրվել են ատամնաբուժական ծառայություններ, այդ թվում` հղկվել և մաքրվել են կարիոզ խոռոչները, լուսային պլոմբանյութով վերականգնվել է ատամի ամբողջականությունը: Ատամնաբույժի ցուցման դեպքում, եթե անհրաժեշտ լինի ատամի ռենտգեն հետազոտութուն, ապա այն սահմանված կարգով կկատարվի քաղաքացիական բուժհաստատությունում: Ներկայումս Վ. Գերավետյանը բարձրացնում է պրոթեզավորման կամ իմպլանտացիայի խնդիրներ, ինչը սակայն պետպատվերի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
