Իսկանդարյան. Քաղաքական կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պատերազմ դժվար թե լինի
«168 ժամ»-ին տված հարցազրույցում «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն, անդրադառնալով Միջազգային Ճգնաժամային խմբի վերջերս հրապարակած զեկույցին, որում ասում էր, որ պատերազմի հավանականությունը մեծացել է, նշել է. «Առանց բացառության, Միջազգային ճգնաժամային խմբի բոլոր զեկույցներում՝ անկախ պատճառներից, քանի որ նշվում են տարբեր պատճառներ, եզրակացությունը գործնականում նույնն է՝ լինելու է պատերազմ։ Ես դրան թերահավատորեն եմ վերաբերում։ Ես չեմ կարծում, որ այսօր պատերազմի սպառնալիքը մեծացել է, ինձ թվում է, որ ապրիլից, սեպտեմբերից և փետրվարից հետո պատերազմի հավանականությունը փոքրացել է, ոչ թե մեծացել։ Այսօր լայնամասշտաբ պատերազմի վտանգը փոքր է։ Դա չի նշանակում ընդմիշտ, բայց քաղաքական կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, ինձ թվում է, որ պատերազմ դժվար թե լինի»։
