Ռուս քաղաքագետ. Հայաստանի վրա յուրաքանչյուր հարձակում ուղղակիորեն վերաբերում է ՌԴ-ին
«168 ժամ»-ին տված հարցազրույցում ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն, անդրադառնալով հարցին, որ եթե Ադրբեջանը կրկին խախտի պայմանավորվածությունները և «անտեսի» համաձայնությունները, հնարավո՞ր է, որ նրա դեմ պատժամիջոցներ կիրառվեն, նշել է. «Կարծում եմ պատժամիջոցների մասին դեռ վաղ է խոսել, պատժամիջոցները հնարավոր են միշտ, բայց խնդիրն այն է, թե ինչ պատճառ պետք է լինի դրանց համար։ Իսկ այսօր, այդ ճնշումը թույլ է, պետք է այն ավելի ուժեղացնել։ Եվ հետո օրինակ, Ռուսաստանի դիրքորոշումը, որ պետք է տարբերակի հրադադարի խախտման դեպքերը Ղարաբաղի և հարակից շրջանների սահմանագծին, և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Ռուսաստանը պայմանագիր չունի Ղարաբաղի հետ, Ռուսաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը, ինչպես և, անկեղծ ասած, Հայաստանը, բայց Ռուսաստանը պայմանագիր ունի Հայաստանի հետ, և յուրաքանչյուր հարձակում Հայաստանի վրա ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանին»։
