Տարոն Մարգարյանի շուրջբոլորը շենքի աշխատակիցները ազատ տեղաշարժվելու իրավունք չունեն
Երևանի քաղաքապետարանի շարքային աշխատակիցներն իրավունք չունեն շենքում ազատ տեղաշարժվել, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտակայքում է։ Այսպիսի տեսարանի է հանդիպել «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը՝ քաղաքապետարանի միջանցքում։ Ուրբաթ թերթի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես քաղաքապետի աշխատասենյակի հարկում հերթապահություն իրականացնող ոստիկանը կանգնեցրել է հավաքարարին՝ թույլ չտալով անցնել այն միջանցքով, որտեղ Տարոն Մարգարյանը ծխում էր։ «Քաղաքապետը վերադարձել էր նորընտիր ավագանու առաջին նիստից և աշխատասենյակ մտնելուց առաջ մի քանի րոպե կանգնել միջանցքում։ Ի դեպ, վարքի այսօրինակ դրսևորումն ու սեփական անձի նկատմամբ դիմացինից անհասկանալի հարգանք պահանջելը հատուկ է ոչ միայն քաղաքապետին։ Նրա տեղակալ Կամո Արեյանն էլ, օրինակ, պահանջում է, որ իր ընդունարանի աշխատակիցը ոտքի կանգնի ամեն անգամ, երբ ինքը մտնում է աշխատասենյակ կամ դուրս գալիս այնտեղից», - գրել է թերթը:
