Սուլթանին գահընկեց կանեն. Թուրքիան՝ ալեկոծության շեմին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ հղեց Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ողջունելով պատրիարքին և հայ համայնքի անդամներին՝ Էրդողանը ուղերձում նշել է․ «Հարգանքով ոգեկոչում ենք առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը, մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց թոռներին»։

Նշելով, որ հայերն ու թուրքերը դարեր շարունակ այս տարածքներում իբր միասին ապրում են խաղաղության մեջ՝ Էրդողանն ընդգծել է, որ այդ միասնությունը ոչ թե շահի ու հաշվարկի, այլ նույն արժեքների, երկրի ու բարձրագույն իդեալների հանդեպ կապվածության շնորհիվ է։ Էրդողանն առանձնացրել է հայ համայնքի դերը «համատեղ մշակույթի» զարգացման գործում: Նրա խոսքով` հայ համայնքը հարստացրել է մշակույթը ճարտարապետության, երաժշտության և արվեստի մեջ ունեցած ներդրումների, ինչպես նաև դաստիարակած բազմաթիվ բժիշկների, ինժեներների, իրավաբանների, գործարարների և արհեստավարժ մասնագետների գիտելիքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Էրդողանը կրկնել է այն թեզը, որ երրորդ երկրների կողմից Թուրքիայի դեմ միջամտության գործիքի վերածված քննարկումները ոչ մեկին օգուտ չեն բերել։ Ըստ Էրդողանի՝ այդ քննարկումները պետք է պատմաբաններն անեն։ Նա համոզմունք է հայտնել, որ ինքնությունը միայն անցյալի թողած ցավերի հիման վրա կառուցելը մեծ անարդարություն է նոր սերունդների նկատմամբ։

Էրդողանն ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Նշելով, որ թուրքերն ու հայերն արդեն բոլոր խոչընդոտները միասին հաղթահարելու հասունություն պիտի ցուցաբերեն, Էրդողանը շեշտել է, որ այս հարցում իրենք միշտ անկեղծ են եղել, հարցը սեփական միջոցներով լուծելու համար ջանքեր են գործադրել։ Այս համատեքստում նա մասնավորապես նշել է․ «Միշտ տարբեր առիթներով արտահայտել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Ղարաբաղի ճգնաժամի լուծումից հետո մեր այս կոչը մի անգամ ևս բարձրաձայն կրկնել ենք։ Նույն կոչը կրկնում եմ»։

Նկատենք, որ Էրդողանի փոքր-ինչ մեղմ թվացող ուղերձը հրապարակվեց ԱՄՆ նախագահ Բայդենի ուղերձից հետո: Ու մինչ Էրդողանը հայերին «սիրաշահելու» տեքստով էր հանդես գալիս, պաշտոնական Անկարան կոշտ արձագանքեց Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշղլուն Twitter–ի իր էջում գրեց. «Բառերը պատմությունը չեն կարող փոխել, նորից չեն կարող պատմություն գրել։ Մեր պատմության մասին ոչ մեկից դաս չենք առնելու։ Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության դեմ ամենամեծ դավաճանություն է։ Միակողմանի այս պոպուլիստական հայտարարությունը մերժում ենք»։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում արտասանեց «ցեղասպանություն» բառը։

Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները. «ԱՄՆ այդ հայտարարությունը, որը խեղաթյուրում է պատմական փաստերը, երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի կողմից և կբացի խորը վերք, որը կարող է մեծ վնաս հասցնել մեր փոխադարձ վստահությանը և բարեկամությանը»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից հետո արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Առաջ քաշելով անհիմն պնդումներ, թե Բայդենը նման որոշում կայացրել է հայկական լոբբիի ազդեցության տակ՝ Քալընը նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Թուրքիայի համար առ ոչինչ է:

Էրդողանի խոսնակը, կրկնելով Թուրքիայի պաշտոնական թեզերը, հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Պատմական իրադարձությունները պատմաբանների կողմից պետք է ուսումնասիրվեն։ Պատմական իրողությունները քաղաքական կոնյուկտուրայի նեղ շահերը չեն կարող կանխորոշել։ Մեր նախագահ Էրդողանը, 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ անելով, ցանկանում էր պատմությանն առնչվող այդ հարցը ազատել քաղաքականության և վատ նպատակներ հետապնդող շրջանակների ստվերից։ Նրանք, ովքեր վախենում էին ճշմարտության բացահայտումից այս կոչին չարձագանքեցին»։

Ինչպես Չավուշօղլուն, նա նույնպես դատապարտել է Սպիտակ տան ղեկավար հայտարարությունը և նրան մեղադրել է պատմական իրողությունները աղավաղելու մեջ։ Նաև նշել է, որ Բայդենի հայտարարության հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում կառաջանա «խորը վերք», իսկ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը կվնասվի։ Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին` Քալընը հիշեցրել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո նախագահ Էրդողանը մի քանի անգամ կրկնել է` եթե Հայասպանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերություններն ու բացել սահմանները: «Սակայն, նման անհարկի հայտարարությունները բարդացնում են ողջ գործընթացը», - ասել է Էրդողանի խոսնակը, մանրամասնելով. «Բայդենի անարդար և անհիմն հայտարարությունը նպաստում է, որ առավել բարձր հնչի հայկական սփյուռքի ծայրահեղական հատվածի ձայնը, որը առավել ագրեսիվ է տրամադրված և դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»:

«Այսօրինակ քննարկումներից որևէ մեկը չի շահում, դրանցով պետք է պատմաբանները զբաղվեն», արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանն, ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հավելելով` երրորդ երկրների կողմից քաղաքականացվելով` «այս հարցը դառնում է գործիք Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար»։

Բացի այդ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ Անկարան իր խիստ բողոքն է հայտնել`1915թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու` նախագահ Բայդենի որոշման կապակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ամերիկացի դեսպանին ասել է, որ Բայդենի հայտարարությունը իրավական հիմք չունի, և որ Անկարան «մերժում է այն, համարում անընդունելի և դատապարտում ամենախիստ ձևով»: «Բայդենի այդ քայլը երկկողմ հարաբերություններում մի վերք է բացել, որը դժվար կլինի ամոքել»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Թուրքիայի արագ արձագանքը միանգամայն սպասելի էր: Դեռ ԱՄՆ-ի ուղղությամբ կհնչեն նաև այլ կոշտ հայտարարություններ: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նոր նենգությունների՝ արդեն իսկ ընդդեմ Արցախի ու Հայաստանի:

Իսկ խորքային առումով, Էրդողանը հիմա իր երկրի ներսում խնդիրներ կունենա: Այդ երկրի ընդդիմությունը նրան կմեղադրի, թե այդ ինչպե՞ս մինչև այսօր ԱՄՆ-ն չէր ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, Էրդողանի քաղաքականության պատճառով Բայդենը մի կողմ թողնելով ՆԱՏՕ-ի դաշնակցի դիրքորոշումը, այնուամենայնիվ կատարեց իր խոստումը:
Թուրքիայում բացառված չէ ներքաղաքական լարումը, թեև այդ երկրի մամուլն օրինակ միահամուռ քննադատում է Բայդենին, հոխորտալով, թե այդ խոսքերն իրենց համար ոչինչ չեն նշանակում:

Սակայն պարզ չէ, թե ինչ գործընթացներ կծավալվեն Թուրքիայում մեկ-երկու ամիս հետո: Էրդողանը զգում է, որ արևմուտքի համբերության բաժակը լցվել է՝ թուրքական ակտիվության ու ագրեսիվության հետևանքով, ու նա հիմա ստիպված է լինելու կրել այդ պատասխանատվությունը: Իսկ Արևմուտքի ճնշումներն էլ ավելի կսաստկան Էրդողանի նկատմամբ, ինչը Թուրքիայի ներսում ներքաղաքական լարումների ու դժգոհության նոր ու մեծ ալիք կարող է ստեղծել:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ն դրեց Էրդողանին գահընկեց անելու մի նոր պլանի հիմք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6595 անգամ
Լրահոս
Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ» Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am